Ռեջեփ Թայիփ Էրդողան. Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ առճակատման հավանականությունը մտահոգիչ է
Ռեջեփ Թայիփ Էրդողան. Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ առճակատման հավանականությունը մտահոգիչ է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ առճակատման հավանականությունը մտահոգիչ է։ Ինչպես գրում է թուրքական պետական ​​«Անադոլու» գործակալությունը, այս մասին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Անկասկած, ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ ուղղակի հակամարտության հավանականությունը մտահոգիչ է։ Մենք պետք է գիտակցաբար խուսափենք ցանկացած քայլից, որը կարող է հանգեցնել այս արդյունքների: Թուրքիան գտնում է, որ տեղին է այս հարցում հավասարակշռված և լուծմանը միտված մոտեցում ցուցաբերել»,- ասել է Էրդողանը։

Էրդողանը նաև ասել է, որ թեև Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, սակայն դա խոչընդոտ չի հանդիսանում Անկարայի համար՝ Չինաստանի և Ռուսաստանի հետ դրական հարաբերություններ ունենալու համար։

«Մենք Արեւելք ենք եւ Արեւմուտք։ Մենք ՆԱՏՕ-ի դաշնակից պետությունն ենք, սակայն չենք հավատում, որ այս իրավիճակը սահմանափակում է մեր հնարավորությունները՝ դրական հարաբերություններ հաստատել այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Չինաստանը և Ռուսաստանը»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Նա խոսել է նաև Ուկրաինայում շարունակվող պատերազմի մասին և ասել, որ Թուրքիան աջակցում է երկխոսությանը և դիվանագիտությանը։

«Մեր դիրքորոշումը կենտրոնացած է խաղաղության վրա։ Լուծումը ոչ թե արյունահեղության ու տառապանքի շարունակությունն է, այլ երկխոսության միջոցով ձեռք բերված երկարաժամկետ խաղաղությունը»,- ասել է Թուրքիայի նախագահը։