Ռեջեփ Թայիփ Էրդողան - Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կպատասխանի խաղաղության մեկնած ձեռքին և կձեռնարկի անկեղծ քայլեր
Ռեջեփ Թայիփ Էրդողան - Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կպատասխանի խաղաղության մեկնած ձեռքին և կձեռնարկի անկեղծ քայլեր

Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում ավարտվել են Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարների միջեւ բանակցությունները։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումների արդյունքում տարածաշրջանում լիարժեք կարգավորման հնարավորություն է ստեղծվել։ Էրդողանը նաև ասել է, որ Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանից ակնկալում են անկեղծ քայլեր։

«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կպատասխանի խաղաղության մեկնած ձեռքին և կձեռնարկի անկեղծ քայլեր»,- ասել է Էրդողանը։

Իր հերթին Ադրբեջանի նախագահն ասել է, որ վստահ է ղարաբաղցի հայերի վերաինտեգրման գործընթացի հաջողության մեջ։

«Մի քանի օր առաջ Եվլախ քաղաքում տեղի ունեցավ ղարաբաղահայության և Ադրբեջանի պետական ​​կառույցների ներկայացուցիչների հանդիպումը։ Այսօր ընթանում է երկրորդ հանդիպումը։ Ես դեռ տեղեկատվություն չեմ ստացել արդյունքների մասին, բայց վստահ եմ, որ Ղարաբաղի հայ բնակչության ինտեգրումն ադրբեջանական հասարակությանը հաջողությամբ կշարունակվի», – ասել է Ալիևը։

Բանակցությունների ընթացքում Թուրքիայի նախագահը ուշադրություն է հրավիրել նաև Իգդիրի-Նախիջևան գազատարի նախագծի վրա։ Էրդողանի խոսքով՝ «այս նախաձեռնությունը կամրապնդի Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում համագործակցությունը եւ կնպաստի Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը»։