Ռեջեփ Թայիփ Էրդողան, Իսրայելի կողմից Սիրիայի տարածքի վրա հարձակումը սադրանք է և անընդունելի, Թուրքիան բոլոր միջոցներով Սիրիայի կողքին կլինի
Իսրայելի հարձակումները Սիրիայի տարածքի վրա նոր վարչակազմի օրոք երկրում ձևավորված դրական մթնոլորտը խաթարելու փորձ են։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ Գազայի հատվածից և Լիբանանից հետո այժմ Իսրայելն ընդլայնել է կրակը Սիրիա՝ այնտեղ էլ արյունահեղություն սկսելով։
«Իսրայելի այս քայլը սադրանք է և անընդունելի։ Մենք տարբեր ձևերով կարձագանքենք յուրաքանչյուր փորձի, որը մեր հարևան Սիրիան կքաշի անկայունության նոր ճահճի մեջ։ Մեր նպատակը տարածաշրջանում ավելի շատ հակամարտություն չէ, այլ՝ ավելի շատ խաղաղություն և հանգստություն», – հայտարարել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ երկիրը Սիրիայի հետ ունի 900 կմ երկարությամբ սահման և առաջիկա գործընթացներում Թուրքիան բոլոր միջոցներով Սիրիայի կողքին կլինի։