Ռեջեփ Թայիփ Էրդողան. Ընտրություններում մեր ժողովրդավարությունը հաղթող է, ոչինչ ավելի ուժեղ չէ, քան ժողովրդի կամքը
Ընտրությունների հաղթողը մեր ժողովրդավարությունն է,- այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մարտի 31-ը մեզ համար վերջը չէ, այլ շրջադարձային: Մունիցիպալ ընտրություններում թուրք ժողովուրդը կրկին օգտագործեց քվեատուփը՝ իր ուղերձը քաղաքական գործիչներին հասցնելու համար։ Անկախ արդյունքներից, այս ընտրություններում հաղթողն առաջին հերթին մեր ժողովրդավարությունն է, ազգային կամքը։ Բոլորը՝ 85 միլիոն մարդ, անկախ իրենց քաղաքական պատկանելությունից, հաղթեցին ընտրական մարաթոնում, և հաղթողը Թուրքիան է»,- քաղաքացիներին ուղղված իր ուղերձում ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ իր կուսակցությունը չի հասել այն արդյունքին, որը ցանկանում էր և հույս ուներ։
«Ժողովրդի կամքից ավելի ուժեղ բան չկա։ Այս հաղթանակում պարտվող չկա»,- ասել է Էրդողանը։
Քվեաթերթիկների ավելի քան 90 տոկոսի հաշվարկից հետո գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը՝ «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» առաջատարն է՝ 37,32 տոկոսով, իսկ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հավաքել է ձայների 35,78 տոկոսը։
Ընտրություններին մասնակցել է 34 քաղաքական կուսակցություն։ Երկրում բացվել է 200 հազար ընտրատեղամաս։