Ռեջեփ Թայիփ Էրդողան. Առևտրային և քաղաքացիական նավերի վրա կրակ բացելը ոչ մեկին օգուտ չի բերի, մենք կոչ ենք անում Ռուսաստանին և Ուկրաինային զսպվածություն ցուցաբերել
Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությամբ Սև ծովում քաղաքացիական նավերի վրա կրակ բացելը անթույլատրելի է։ Այս մասին Թուրքիայի նախագահը հայտնել է Անկարայում դիվանագետների հավաքի ժամանակ։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել թե՛ Ռուսաստանին, թե՛ Ուկրաինային զերծ մնալ նման գործողություններից։
«Առևտրային և քաղաքացիական նավերի ուղղությամբ կրակ բացելը ոչ ոքի օգուտ չի բերի։ Մենք կոչ ենք անում երկու կողմերին զերծ մնալ այդպիսի քայլերից», – նշել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը խոսել է նաև միջազգային կարգի համակարգի անարդյունավետության մասին։
«Այսօրվա համաշխարհային կարգը, որն պաշտպանվում է հզորների կողմից՝ նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք ճիշտ չեն, և ճնշում է թույլերին՝ նույնիսկ եթե նրանք իրավացի են, տասնամյակների ընթացքում ստեղծել է անկայունություն, ճգնաժամեր և անարդարություն», – ասել է Թուրքիայի նախագահը։
Նրա խոսքերով՝ այսօր միջազգային կազմակերպությունների մեծ մասը դարձել է «անշարժ դիակների» նման։ Այս համատեքստում Էրդողանը որպես օրինակ բերել է Սիրիայում տասներեք տարի շարունակվող քաղաքացիական պատերազմը։ Թուրքիայի նախագահի խոսքով՝ «ոչ մի երկիր, որն իրեն հայտարարել է ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպան, չի արձագանքել Սիրիայում տարիներ շարունակ ընթացող սպանդին»։
Էրդողանը խոսել է նաև Գազայի հատվածում տիրող իրավիճակի մասին՝ հայտնելով, որ «Իսրայելը շրջափակման տակ գտնվող անկլավում օգտագործել է ռումբեր, որոնք 14 անգամ գերազանցել են Հիրոսիմայում կիրառված ատոմային ռումբի հզորությունը»։
Իր ելույթում Էրդողանը անդրադարձել է նաև Հարավային Կովկասի թեմային՝ նշելով, որ «Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղ համաձայնագրի ստորագրմանը»։ Նրա խոսքով՝ Թուրքիան Ադրբեջանի հետ երկխոսության շրջանակում նաև փորձում է առաջ մղել Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացը։