Ռեջեփ Թայիփ Էրդողան․ ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև որևէ սահմանափակում չպետք է լինի պաշտպանական արդյունաբերության ուղղությամբ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև պաշտպանության ոլորտում որևէ սահմանափակում չպետք է լինի, հատկապես՝ պաշտպանական արդյունաբերության ուղղությամբ։
Այս մասին Էրդողանը հայտարարել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ։
Թուրքիայի նախագահը նաև պահանջել է Անկարային ներգրավել Եվրոպայի համար նախատեսված պաշտպանական որոշ նախաձեռնություններում, ինչպես նաև նշել է, որ Եվրամիության անդամ չհանդիսացող երկրների համար պաշտպանական նախաձեռնություններին մասնակցելու սահմանափակումը կարող է պառակտում առաջացնել դաշինքում։
«Դաշնակիցների միջև պաշտպանության ոլորտում, հատկապես պաշտպանական արդյունաբերության ուղղությամբ առկա սահմանափակումները պետք է վերացվեն։ Առողջ դատողության և խոհեմության վրա հիմնված համագործակցության մոդելը լիովին հնարավոր է։ Եվրամիության անդամ չհանդիսացող դաշնակիցների բացառումը Եվրոպայում արհեստական պառակտում կառաջացնի»,- հայտարարել է Էրդողանը։
Ինչպես գրում է «Ռոյթերսը», Թուրքիան դաշինքում մեծությամբ երկրորդ բանակն ունի և վերջին տարիներին ձևավորվել է որպես զենքի կարևոր արտադրողներից ու արտահանողներից մեկը։ Չնայած Անկարան բազմիցս ցանկություն է հայտնել ներգրավվել Եվրամիության անվտանգության նախաձեռնություններում, այդ թվում՝ SAFE ծրագրում, որը նախատեսում է վարկերի տրամադրում անդամ երկրների վերազինման համար, քաղաքական տարաձայնությունների պատճառով Թուրքիան մինչ օրս մնում է այս գործընթացներից դուրս։