Ռեջեփ Թայիփ Էրդողան. Մենք շարունակում ենք ջանքերը Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության ապահովման համար
«Մենք շարունակում ենք ջանքերը Հարավային Կովկասում երկարատև կայունության ապահովման համար», – այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անթալիայի դիվանագիտական ֆորումում։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ Անկարան փորձում է խաղաղություն և կայունություն ապահովել Արևելյան Միջերկրականում, Էգեյան ծովում և նպաստում է դրական մթնոլորտի պահպանմանը հարևան Հունաստանի հետ։
Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ Թուրքիան ակտիվորեն հետևում է Բալկաններում ընթացող զարգացումներին և սերտորեն համագործակցում է տարածաշրջանի երկրների հետ։
Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ Կենտրոնական Ասիայի երկրներն ավելի ու ավելի են ամրապնդում իրենց տեղը Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ։
Էրդողանը նշել է, որ Թուրքիան աշխատում է երկարատև խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ իր անմիջական հարևանություններում՝ Ուկրաինայում, Սիրիայում, Լիբիայում և Գազայում։
«Ամբողջ անկեղծությամբ ցանկանում եմ նշել, որ մենք աչք չունենք ոչ մեկի տարածքի, ինքնիշխանության կամ ռեսուրսների վրա։ Մեզ չի հետաքրքրում, թե ինչ կա հողի տակ։ Մեզ հետաքրքրում է, թե ինչ կա հողի վրա։ Մեզ հետաքրքրում են մարդիկ, մարդկային կյանքը», – ասել է Թուրքիայի նախագահը։