Ռատի Բրեգաձեն Հունգարիայի դեսպանի հետ քննարկել է գործընկերության խորացման հեռանկարները
Ռատի Բրեգաձեն Հունգարիայի դեսպանի հետ քննարկել է գործընկերության խորացման հեռանկարները

Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն ճանաչողական հանդիպում է ունեցել Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոսի հետ։

Վրաստանի արդարադատության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Վրաստանի եւ Հունգարիայի արդարադատության նախարարությունների միջեւ ոլորտային համագործակցության խորացմանը։ Նախարարը Հունգարիայի դեսպանին առաջարկել է ամրապնդել գործընկերությունը քաղաքացիական հարցերում իրավական համագործակցության ուղղությամբ։ Ռատի Բրեգաձեն պատրաստակամություն է հայտնել հյուրընկալել հունգարացի գործընկերոջը Վրաստանում, որպեսզի երկու երկրների արդարադատության նախարարները ստորագրեն քաղաքացիական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին երկկողմ համաձայնագիր։

Ռատի Բրեգաձեն նշել է, որ համաձայնագիրը ավելի կխորացնի Վրաստանի և Հունգարիայի միջև գործընկերային հարաբերությունները և կլինի այն համագործակցության տրամաբանական շարունակությունը, որի շուրջ երկու երկրների արդարադատության նախարարները պայմանավորվել են անցյալ տարվա դեկտեմբերին ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում։

Հունգարիայի դեսպանի հետ հանդիպմանը մասնակցել է արդարադատության փոխնախարար Բեքա Ձամաշվիլին։