Ռատի Բրեգաձե. Նախարարության աշխատակցի մահվան հետ կապված մանիպուլյատիվ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվում, առաջին հերթին մենք պետք է մարդ մնանք
Ռատի Բրեգաձե. Նախարարության աշխատակցի մահվան հետ կապված մանիպուլյատիվ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվում, առաջին հերթին մենք պետք է մարդ մնանք

 

Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն սոցցանցում գրառում է հրապարակել նախարարության աշխատակցի ողբերգական մահվան կապակցությամբ և իր ցավակցությունն է հայտնում ընտանիքին։

Ինչպես գրում է Ռատի Բրեգաձեն, ցավոք, սոցիալական ցանցերում տարածվում են տարբեր տեսակի մանիպուլյատիվ և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։

«Արդարադատության նախարարությունում երեկ մեծ ողբերգության ականատես եղանք։ Յուրահատուկ տաղանդով ու կրթությամբ երիտասարդ, վեհ մարդու մահը մեծ կորուստ է յուրաքանչյուրիս համար։ Խորին ցավակցությունս եմ հայտնում ընտանիքին, հարազատներին և մեր աշխատակիցներին։

Ցավոք, սոցիալական ցանցերում տարածվում են տարբեր տեսակի մանիպուլյատիվ, զգայուն և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն։ Բոլորիս պարտքն է հարգել հանգուցյալի, նրա ընտանիքի ու ամենածանր վիճակում գտնվող հարազատների հիշատակը։ Ցանկացած իրավիճակում, առաջին հերթին, պետք է մարդ մնալ և հիշել, թե ինչ ցավ կարող է պատճառել այլ մարդկանց չմտածված բառը»,- գրում է Ռատի Բրեգաձեն։

Օրերս Վրաստանի արդարադատության նախարարությունը նույնպես հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ ՆԳՆ-ում հետաքննություն է սկսվել նախարարության աշխատակցի ողբերգական մահվան դեպքի առթիվ: