Ռատի Բրեգաձե. Հայաստանի արդարադատության նախարարի հետ հանդիպմանը պայմանավորվել ենք պետական ծառայությունների ոլորտում հատուկ համագործակցության մասին
Շարունակվում է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի այցը Հայաստան։ Երկկողմ հանդիպումից հետո Ռատի Բրեգաձեն և նրա գործընկեր Կարեն Անդրեասյանը ճեպազրույց են անցկացրել լրատվամիջոցների համար։
Ռատի Բրեգաձեի խոսքով, Վրաստանի և Հայաստանի միջև ինտենսիվ համագործակցությունը կշարունակվի։
«Մենք պայմանավորվեցինք հատուկ համագործակցության մասին հանրային ծառայությունների ոլորտում, ներկայացրել ենք Արդարադատության տունը, որը թույլ է տալիս գյուղացիներին ստանալ հանրային ծառայություններ, որոնք մենք տրամադրում ենք արդարադատության տներում, ինչպես նաև, օրինակ, մեր նորարարական պրոդուկտը քրեակատարողական հիմնարկների ոլորտում՝ PROBBOX, որը թույլ է տալիս պրոբացիոներներին բոլոր ծառայությունները ստանալ»,- նշել է նախարարը։
Ըստ Ռատի Բրեգաձեի, վրաց-հայկական հարաբերությունների ևս մեկ ուղղություն կլինի փաստաթղթերի կեղծման կանխումը։
«Մենք նաև պայմանավորվեցինք, որ շատ ակտիվորեն կաշխատենք փաստաթղթերի կեղծումը կանխելու համար, ինչը, ի վերջո, ավելի կպաշտպանի մեր պետությունների քաղաքացիներին», – ասել է Ռատի Բրեգաձեն լրագրողների հետ ճեպազրույցում։
Հայաստանի արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել վրացի գործընկերոջը համագործակցության համար և նշել, որ Ռատի Բրեգաձեի հետ քննարկել է այն մարտահրավերները, որոնք Հայաստանը ունի պրոբացիայի և միասնական ծառայության համակարգի ներդրման ոլորտում։ Կարեն Անդրեասյանի խոսքով, Վրաստանի հաջողված փորձի փոխանակումը շատ կարևոր է Հայաստանի համար. «Վրաստանն այս ոլորտում ունի մեծ և լավ փորձ։ Թեկուզ, արդարադատության տները: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ արդարադատության տան շարժական մեքենաները բերելու և ցուցադրելու համար»:
Վրաստանի պատվիրակության այցը Հայաստան մեկնարկել է այսօր՝ Հայաստանի արդարադատության նախարարի հետ հանդիպումով։ Հանդիպումից հետո Վրաստանի և Հայաստանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։
Այսօր Արդարադատության նախարարը և նրա տեղակալները՝ Թամար Տղեշելաշվիլին և Բուբա Լոմուաշվիլին, Հանրային ռեեստրի ազգային գործակալության նախագահ Օլեգ (Բաչո) Թորթլաձեն և Հատուկ քրեակատարողական ծառայության ղեկավար Նիկա Ցխվարաշվիլին լայնածավալ շնորհանդես կանցկացնեն Վրաստանում արդարադատության ոլորտում բարեփոխումների վերաբերյալ։