Ռաճայի նահանգապետը ասում է, որ տարերային աղետի հետեւանքով ավերվել են դեպի Շովի տանող ճանապարհներն ու կամուրջները, առաջին հերթին անհրաժեշտ կլինի ուղղաթիռով տարհանել քաղաքացիներին
Շովիհանգստավայր տանող ճանապարհներն ու մուտքի կամուրջները տարվել են, տեղում է փրկարարական խումբը, Թբիլիսիից մեկնել է ուղղաթիռ,- Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Ռաճայի նահանգապետ Պապունա Մարգվելիձեն։
Նրա խոսքով՝ տուժածների մասին դեռ տեղեկություն չունեն։
«Տուժածների մասին դեռ ոչինչ չգիտենք։ Այս ուղղությամբ եւս աշխատանքներ են տարվում։ Մենք կապվում ենք այնտեղ մնացածների հետ։ Ավերված են նաև քոթեջները։ Փրկարարներն արդեն տեղում են։ Առաջին հերթին անհրաժեշտ կլինի տարհանել քաղաքացիներին, և այդ առումով մենք աշխատում ենք պլանի վրա»,- ասել է Մարգվելիձեն։
Շովիի սողանքի առնչությամբ ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել:Ինչպես հայտնում են ՆԳՆ-ում, դեպքի մասին տեղեկացված են բոլոր համապատասխան գերատեսչությունները, և դեպքի վայր է մոբիլիզացվել համապատասխան տեխնիկա։
«Հանրային կառավարման կենտրոն 112-ը մի շարք հաղորդումներ է ստացել Շովիում գտնվող «Սանսեթ շովի» հյուրանոցում սողանքի հետևանքով հողի զանգվածի փլուզման վերաբերյալ, տեղեկացնում ենք հանրությանը, որ դեպքի մասին տեղեկացված են բոլոր համապատասխան մարմինները։ Տեղում մոբիլիզացվել է համապատասխան տեխնիկա, համալրվում է լրացուցիչ տեխնիկա։ ՆԳՆ սահմանային ոստիկանության երկու ուղղաթիռներով դեպքի վայր են մեկնում արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության փրկարարները և ոստիկանության այլ ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ Տուժածների մասին այս փուլում մանրամասն տեղեկություն չկա, առաջիկայում ձեզ կտրամադրենք հավելյալ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրությունում։