Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է մթերային մանրածախ առևտրի և հիպերմարկետների ցանցի սեփականատեր «Majid Al Futtaim»-ի գործադիր տնօրենի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է մթերային մանրածախ առևտրի և հիպերմարկետների ցանցի սեփականատեր «Majid Al Futtaim»-ի գործադիր տնօրեն Հանի Վայսի հետ։
Ինչպես հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը, քննարկված հարցերի թվում է եղել Վրաստանում հոլդինգի պորտֆելի ավելացումը և առկա ներդրումների դիվերսիֆիկացումը։
Հանդիպմանը քննարկվել են հյուրանոցների և անշարժ գույքի ոլորտում ներդրումներ կատարելու հնարավորությունները։
Վարչապետի խոսքով՝ «Majid Al Futtaim Group»-ը հաջողությամբ գործում է Վրաստանում, և առկա պորտֆելի մեծացման դեպքում հոլդինգը կունենա Վրաստանի կառավարության աջակցությունը։
«Majid Al Futtaim»-ը Արաբական Միացյալ Էմիրությունների հոլդինգ է, որը տիրապետում և շահագործում է առևտրի կենտրոններ և ժամանցի օբյեկտներ Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Ասիայի 17 երկրներում: Հոլդինգում աշխատում է 43 000 մարդ։ Նրա եկամուտը կազմում է 8,8 մլրդ դոլար։ Վրաստանում «Majid Al Futtaim»-ը «Carrefour» հիպերմարկետի սեփականատերն է։