Ռաֆայել Չմշկյանը հոբելյար է. Լեգենդար ծանրորդը 92 տարեկան է #1TVSPORT
1952 թվականի Օլիմպիական խաղերի հաղթող, լեգենդար Ռաֆայել Չմշկյանը 92 տարեկան է: Նա ճանաչվել է Վրաստանի 20-րդ դարի լավագույն ծանրորդ:
Հելսինկյան օլիմպիական խաղերից առաջ, Խորհրդային Միության առաջնությունը անց է կացվել Իվանովո քաղաքում: Առաջնության մեկնարկից առաջ Ռաֆայել Չմշկյանը հիվանդ էր ու ավելացել էր նրա քաշը: Չնայած նրան, որ չեմպիոնությունը նվաճեց նրա մրցակից Նիկոլայ Սաքսոնովը, օլիմպիական խաղերին այնուամենայնիվ տարան Չմշկյանին:
Մինչ օլիմպիական խաղերը, թիմը առաջին հավաքն անց կացրեց Դանիայի Վիբորգ քաղաքում: Այնտեղ նրա մոտ ախտորոշվել է թոքաբորբ, բայց բարեբախտաբար, թիմի բժիշկը Կուխալեվսկին էր, Թբիլիսիում ծնված և մեծացած մի տղամարդ, որն ավարտել էր Թբիլիսիի բժշկական ինստիտուտը և նա մեծ խնամքով բուժել է մարզիկին:
«Վիբորգից Հելսինկի ենք ուղևորվել գնացքով: Հիշում եմ, ինձ հետ միասին վագոն-հոսպիտալում էր գտնվում լեգենդար ըմբիշ՝ Արսեն Մեկոկիշվիլին. Նա նույնպես մրսած էր: Մենք կազմի վերջին վագոնում էինք, որի մասին Արսենը կատակեց. Ռաֆո, մի անհանգստացիր, մենք Ֆինլանդիայից հետ կգանք առաջին վագոնով. Այնտեղ մենք հաստատ չեմպիոն կդառնանք և այդպես էլ եղավ», – հիշում է Ռաֆայել Չմշկյանը:
Նա հիշում է չեմպիոն դառնալու օրը:
«Ծանրամարտի մրցումն անցկացվեց «Մեսուհալե» մարզահամալիրում և շարունակվեց մինչև ուշ գիշեր: Բոլորը վերադարձել էին օլիմպիական գյուղ, իսկ վերջին ավտոբուսը սպասում էր միայն ծանրորդներին: Մինչ օլիմպիական գյուղ մեկնելը, Գիվի Կարտոզիան և Վախտանգ Բալավաձեն ինձ ասացին. Ռաֆո, դու գիտես, հռչակի մեզ և վերադարձիր հյուրանոց, իմացիր, մենք սպասում ենք քեզ և կտեսնես մեզ: Մրցույթի ընթացքում մարզիչները շատ նյարդայնացրին, չէին պատվիրում այն քաշը, որը ես էի ցանկանում, սակայն ի վերջո դարձա չեմպիոն: Առավոտյան ժամը երեքն էր երբ փոխեցի համազգեստս ու հավաքեցի իրերս: Գյուղ վերադառնալուն պես շատ մարդ էր: Ավտոբուսի լույսերի ներքո ես հյուրանոցի մոտ տեսա ուրվագծեր. Պարզվեց, որ Գիվին և Վախտանգը դեռ սպասում էին: Երբ նրանք իմ հաղթանակի լուրը լսեցին, նրանք ինձ ուսերին նստեցրին և արթնացրին մեր ամբողջ պատվիրակությանը, գոռալով «Ռաֆոն չեմպիոն է, Ռաֆոն չեմպիոն է»:
Ռաֆայել Չմշկյանը 1952 թվականը հիշելիս չի կարողանում թաքցնել հույզերը:
«Գիվին գրկեց ինձ և կրկնում էր, դու իմ ուժն ես: Դա մեծ ուրախություն էր, ես այդ գիշերը հիշելիս հուզվում եմ: Ես չեմ կարող բառերով արտահայտել այն հույզը, որը ես այն ժամանակ զգացի»:
Այսօր, մարտի 23-ին, Թբիլիսիի քաղաքապետարանը ծանրամարտում Վրաստանի առաջին օլիմպիական չեմպիոնին նվեր արեց:
Թբիլիսիի քաղաքապետարանի որոշմամբ, հիմնվեց Ռաֆայել Չմշկյանի անվան Թբիլիսիի բաց առաջնությունը: Օլիմպիական չեմպիոնի անունը կրող բաց առաջնությունն այսուհետ կդառնա ավանդական, և ծանրամարտում հաղթողները կբացահայտվեն ամեն տարի:
Հատկանշական է, որ քաղաքի ղեկավարությունը առաջնության հիմնումը խորհրդանշորեն կազմակերպեց Ռաֆայել Չմշկյանի ծննդյան օրը: