Պուտինը չի հասկանում պարտության անխուսափելիությունը, պատրաստվեք երկար պատերազմի. Բորիս Ջոնսոն
Պուտինը չի հասկանում պարտության անխուսափելիությունը, պատրաստվեք երկար պատերազմի, – այս մասին BBC-ի փոխանցմամբ՝ Sunday Times-ում հրապարակված հոդվածում ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։
«Մի պահ պատկերացրեք, փառքի մասին Վլադիմիր Պունի տեսլականը իրականացվեց: Ենթադրենք, նրան իրավունք է տրվել պահպանել Ուկրաինայի բոլոր այն շրջանները, որոնք այժմ գտնվում են ռուսական զորքերի վերահսկողության տակ։ Ինչ տեղի կունենա, եթե ոչ ոք մատը չշարժի, եթե գրավյալ տարածքն ու դրա վախեցած բնակիչներին միացնի Մեծ Ռուսաստանին։ Դա խաղաղություն կբերի՞։ Արդյո՞ք աշխարհն ավելի ապահով կլինի: Դուք ապահով կլինե՞ք։ Մեր սրտում մենք բոլորս գիտենք պատասխանը»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։
Ըստ Ջոնսոնի՝ Ռուսաստանը չի սահմանափակվում միայն Ուկրաինայով և կփորձի նվաճել Եվրոպայի ավելի մեծ տարածք, ներառյալ ՆԱՏՕ-ի դաշնակիցները։
«Անցյալ շաբաթ նա իրեն համեմատեց Պետրոս I-ի հետ և Ռուսաստանին հավերժ իրավունք տվեց՝ հետ վերցնելու սլավոններով նախկինում բնակեցված ցանկացած տարածք, դոկտրին, որը հնարավորություն կտա նվաճել Եվրոպայի մեծ մասը, այդ թվում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին», – ասել է Բորիս Ջոնսոնը:
Ջոնսոնը կոչ է անում դաշնակիցներին չհանգստանալ և պատրաստվել երկարատև պատերազմի, որպեսզի Ուկրաինան հաղթի։
«Պուտինը կարող է դա չհասկանալ, բայց Ուկրաինան ամբողջությամբ նվաճելու նրա մեծ կայսերական ծրագիրը ձախողվել է։ Միգուցե Պուտինը կարծում է, որ ժամանակը Ռուսաստանի կողքին է: Նա կարծում է, որ ռազմական հզորության գերազանցության անխիղճ տրամաբանությունը ի վերջո կհաղթի, մինչդեռ գլխապտույտ Արևմուտքը չի կարողանա դիմակայել դժվարին ընթացքին», – հոդվածում նշել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։
Բորիս Ջոնսոնը կոչ է անում դաշնակիցներին անել չորս բան. Շարունակել Ուկրաինային տրամադրել զենք, տեխնիկա, զինամթերք, որպեսզի նա կարողանա զարգացնել իր մարտական ներուժն ավելի արագ, քան ագրեսորը. Պահպանել ուկրաինական պետության կենսունակությունը. Մշակել ցամաքային ուղիներ հացահատիկի արտահանման համար նավահանգիստների շրջափակման պայմաններում և աջակցել Ուկրաինային հացահատիկի կուտակված պաշարների արտահանման հարցում:
«Այդ քայլերից ոչ մեկն անհապաղ արդյունք չի տա, սակայն սննդամթերքի արտահանումը վերականգնելու անհրաժեշտությունն առավել քան երբևէ հրատապ է։ Դրանք բոլորը պահանջում են նպատակաուղղված ջանքեր Միացյալ Թագավորության և նրա դաշնակիցների կողմից, և դա կշարունակվի երկար ամիսներ և տարիներ։ Նրանք բոլորը ծառայում են նույն նպատակին։ Մենք պետք է ամրապնդենք մեր ուկրաինացի ընկերների դիրքերը, որպեսզի նրանք կարողանան ավարտել պատերազմը նախագահ Զելենսկու սահմանած պայմաններով։ Այդպես պետք է բնորոշել հաջողությունը»,- ասել է Բորիս Ջոնսոնը։