Քիչ առաջ Չեխիայի ոստիկանությունը մամուլի ասուլիս է հրավիրել՝ կապված Պրահայի համալսարանում տեղի ունեցած հրաձգության հետ։
Չեխիայի ոստիկանության տվյալներով՝ Պրահայի ուսումնական հաստատությունում հրաձգության հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 24 մարդ։
Ինչպես ասուլիսում հայտնեցին ոստիկանությունը, հարձակվողի դին հայտնաբերվել է համալսարանում։ Նա 24 տարեկան տղա է, Կառլի համալսարանի արվեստի ուսանող։ Երիտասարդը Պրահայից 21 կիլոմետր հեռավորության վրա գտնվող գյուղի բնակիչ էր։ Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալի հորը մահացած են գտել այսօր՝ հարձակումից քիչ առաջ։
Ինչպես ասուլիսում ասաց ոստիկանությունը, Պրահայի համալսարանում տեղի ունեցած զանգվածային հրաձգությունը կապված չէ միջազգային ահաբեկչության հետ։
Չեխիան ստանում է միջազգային հանրության ցավակցությունները Պրահայի համալսարանում տեղի ունեցած զինված հարձակման կապակցությամբ։ Եվրամիության նախագահ Շառլ Միշելը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը իրենց վիշտն են հայտնել։
Այսօր զինված անձը կրակ է բացել Պրահայի կենտրոնում՝ Կառլի համալսարանում։ Յան Պալախ հրապարակում գտնվող համալսարանի շենքից մարդկանց տարհանել են, հրապարակն ու նրա հարակից փողոցները արգելափակվել են։ Տեղում աշխատում են շտապօգնության ծառայությունները։ Հարձակվողը վնասազերծվել է ոստիկանների կողմից։