«Պոլիտիկո». Ժողովրդավարությունը պաշտպանելու համար ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ կիրառել վրացի քաղաքական գործիչների նկատմամբ
«Պոլիտիկո». Ժողովրդավարությունը պաշտպանելու համար ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ կիրառել վրացի քաղաքական գործիչների նկատմամբ

Ժողովրդավարությունը պաշտպանելու համար ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ կիրառել վրացի քաղաքական գործիչների նկատմամբ, հայտնում է «Politico»-ն։ Ամերիկյան հրատարակությունը գրում է, որ իրենց ձեռք բերած օրենքի նախագծի համաձայն՝ պատժամիջոցներն ուղղված են լինելու իշխող կուսակցության պատգամավորների և իրավապահների, ինչպես նաև երկրում գործող ռուս ենթադրյալ գործակալների դեմ։

Հոդվածում նշվում է, որ օրինագիծը կպարտադրի ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին տեղեկատվություն տրամադրել Կոնգրեսին «Վրաստանում ոչ պատշաճ քաղաքական ազդեցության, կլեպտոկրատիայի և էլիտար կոռուպցիայի մասին»։ Նաև՝ երկրում գործող ռուսական և չինական հետախուզական ենթադրյալ ակտիվների մասին։

Ըստ Politico-ի, օրինագիծը ԱՄՆ կառավարությանը մանդատ կտա պատժամիջոցներ կիրառել «կառավարական պաշտոնյաների և այլ անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են Վրաստանում ժողովրդավարությունը, մարդու իրավունքները կամ անվտանգությունը խարխլելու և վնասելու համար»: ԱՄՆ ճանապարհորդությունը սահմանափակվելու է քաղաքական գործիչների և նրանց ընտանիքի անդամների համար, ովքեր պատասխանատու են «ռուսական օրինակով օրենքի» համար։

Հրատարակության տվյալներով՝ պատժամիջոցները կտարածվեն նաեւ Վրաստանի իրավապահ մարմինների եւ անվտանգության ծառայության աշխատակիցների վրա, ովքեր մասնակցել են բողոքի ցույցերը ճնշելուն։ «Politico»-ի տեղեկություններով՝ նախագծում նշվում է, որ «Վրացական երազանքը» գնալով ավելի հաճախ է մերձենում այսպես կոչված Ռուսաստանի քաղաքականությանը, որը «դեպի ոչ լիբերալ քաղաքականություն շրջադարձի մի մասն է»։

Օրինագծում նշվում է նաև, որ «Թբիլիսին բացահայտ հարձակվում է ԱՄՆ-ի և արևմտյան այլ կազմակերպությունների վրա, որոնք աշխատում են ժողովրդավարության զարգացման համար։ Նաև տեղական և միջազգային քաղաքացիական հասարակությունը, և միևնույն ժամանակ այն ամրապնդում է կապերը Ռուսաստանի և նաև Չինաստանի հետ: Ինչպես գրում է «Politico»-ն, այսօր այս նախագիծը կներկայացնի Հարավային Կարոլինայի հանրապետական ​​կոնգրեսական Ջո Ուիլսոնը։