«Պոլիտիկո». Եվրախորհրդարանի 63 պատգամավորներ կոչ են անում Եվրամիության ղեկավարությանը զրկել Հունգարիային Եվրամիությունում ձայնի իրավունքից
Եվրախորհրդարանի 63 պատգամավորներ կոչ են անում Եվրամիության ղեկավարությանը զրկել Հունգարիային Եվրամիությունում ձայնի իրավունքից։ Սրա պատճառը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի վերջին գործողություններն են։ «Politico»-ն տեղեկությունը տարածում է Եվրախորհրդարանի պատգամավորների նամակի հիման վրա։
Ըստ տեղեկությունների՝ Եվրախորհրդարանի պատգամավորները նամակ են հղել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային։ Նամակում ասում են, որ Հունգարիայի վարչապետն արդեն իսկ զգալի վնաս է հասցրել Խորհրդի նախագահության դերին և չարաշահում է այն։ Նրանց իսկ գնահատմամբ՝ Հունգարիայի վարչապետը Ռուսաստան և Չինաստան կատարած այցերի ժամանակ միտումնավոր խեղաթյուրել է իր լիազորությունները։
«Սա պահանջում է իրական գործողություններ, ինչպիսին է Հունգարիայի Խորհրդում ձայնի իրավունքի կասեցումը, քանի որ պրակտիկան ցույց է տվել, որ այս իրավիճակի ուղղակի բանավոր դատապարտումը ոչ մի ազդեցություն չունի», – ասում են Եվրախորհրդարանի պատգամավորները: