«Պոլիտիկո» - Ուկրաինայի անդամակցության դիմումն առավել մանրամասն ուսումնասիրելու համար Եվրահանձնաժողովը կարող է հետաձգել անդամակցության թեկնածու երկրների գնահատման զեկույցի հրապարակումը
«Politico»-ի փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովը կարող է հետաձգել ԵՄ անդամակցության թեկնածու երկրների առաջընթացի գնահատման վերաբերյալ զեկույցի հրապարակումը, որը նախատեսված է տարեվերջին։
Ինչպես հայտնում է ազդեցիկ հրատարակությունը՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետին, փաստաթղթի հրապարակման հետաձգումը «կապված է Ուկրաինայի անդամակցության հայտի ավելի մանրամասն ուսումնասիրության հետ»։
«Մենք ցանկանում ենք դրական ազդակ տալ Ուկրաինային, սակայն Ուկրաինայի կառավարության առաջարկները, ինչպիսիք են, օրինակ, կոռուպցիայի դեմ պայքարում Ուկրաինայի Անվտանգության ծառայության լիազորությունների մեծացումը, կարող են սխալ ուղերձ լինել»,- ասում է եվրոպացի դիվանագետը։
Բացի այդ, ըստ նրա, Ուկրաինան «շատ կոռումպացված երկիր էր»։
«Politico»-ի փոխանցմամբ՝ Եվրամիությունը դժգոհ է Զելենսկու առաջարկից, որով պատերազմի ժամանակ կոռուպցիան պետք է նույնացնել դավաճանության հետ։ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները կարծում են, որ նման դեպքում հակակոռուպցիոն գործակալության փոխարեն կոռուպցիոն գործերի քննությունը կվստահվի անվտանգության ծառայությանը, որն իր հերթին զեկուցում է նախագահին։
Ինչպես գրում է «Politico»-ն, եթե այս նախաձեռնությունը կյանքի կոչվի, Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը կկարողանա «ծուղակի մեջ գցել» կոռուպցիոն այն դեպքերը, որոնցում հայտնվում են բարձրաստիճան պաշտոնյաներ։
Ինչպես հայտնի է, Եվրահանձնաժողովը նախատեսում է մինչև տարեվերջ հրապարակել ԵՄ թեկնածու երկրների՝ Ուկրաինայի, Մոլդովայի և Բալկանյան երկրների կողմից իրականացվող բարեփոխումների զեկույցը։