«Պոլիտիկո» - Սպիտակ տունը մշակել է ՆԱՏՕ-ի «լավ» և «վատ» անդամների ցուցակ՝ պատժելու այն դաշնակիցներին, որոնք հրաժարվել են աջակցել Իրանի հետ պատերազմին
«Պոլիտիկո» - Սպիտակ տունը մշակել է ՆԱՏՕ-ի «լավ» և «վատ» անդամների ցուցակ՝ պատժելու այն դաշնակիցներին, որոնք հրաժարվել են աջակցել Իրանի հետ պատերազմին

Սպիտակ տունը մշակել է ՆԱՏՕ-ի «լավ» և «վատ» անդամների ցուցակ՝ պատժելու այն դաշնակիցներին, որոնք հրաժարվել են աջակցել Իրանի հետ պատերազմին, – այս մասին հոդված է հրապարակում «Պոլիտիկոն»։

Հրատարակությունը գրում է, որ երեք եվրոպացի դիվանագետների և ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցչի կարծիքով, սա նշան է այն բանի, որ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է իրականացնել իր սպառնալիքը այն դաշնակիցների նկատմամբ, ովքեր դեմ են իրեն և չեն օգնել Իրանի հետ պատերազմի ժամանակ։

Politico-ի տվյալներով՝ ԱՄՆ ռազմական նախարար Փիթ Հեգսեթը դեռևս դեկտեմբերին է արտահայտվել «լավ» և «վատ» անդամների մասին իր կարծիքով։ Հեգսեթի խոսքով՝ ԱՄՆ-ն ունի դաշնակիցներ, որոնք ավելի շատ են աջակցում Վաշինգտոնին, քան ՆԱՏՕ-ի գործընկերները։

«Այնպիսի դաշնակիցներ, ինչպիսիք են Իսրայելը, Հարավային Կորեան, Լեհաստանը, և ավելի ու ավելի շատ՝ Գերմանիան, Բալթյան երկրները և այլն, կստանան մեր հատուկ բարեհաճությունը։ Այն դաշնակիցները, որոնք դեռևս չեն կատարել իրենց ներդրումը կոլեկտիվ պաշտպանության մեջ, կբախվեն համապատասխան հետևանքների», – ասել է Հեգսեթը։

Ինչպես գրում է Politico-ն, ԱՄՆ պաշտպանության նախարարությունը առաջնահերթություն կտա համագործակցությանը և ներգրավվածությանը այն դաշնակիցների հետ, որոնք նպաստում են կոլեկտիվ պաշտպանությանը։

Հրապարակման տվյալներով՝ աղբյուրները չեն նշել, թե Վաշինգտոնը որ երկրներին է համարում դաշինքի «վատ անդամներ»։