«Պոլիտիկո»-ն հայտնում է, որ Եվրոպական միությունում քննադատում են Կայա Կալլասի աշխատանքի ոճը և Ռուսաստանի նկատմամբ նրա դիրքորոշումը

21:51, 26.03.2025

Եվրոպական միությունում քննադատում են բարձրագույն ներկայացուցիչ Կայա Կալլասի աշխատանքի ոճը և նրա դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ, – այս մասին գրում է «Պոլիտիկո»-ն։ Հրատարակության տվյալներով՝ Կալլասից դժգոհությունները սկսվել են հենց իր պաշտոնը ստանձնելու պահից՝ 2024 թվականի վերջից, երբ Կիև կատարած այցի ընթացքում նա սոցիալական ցանցում գրել էր․ «Եվրամիությունը ցանկանում է, որ այս պատերազմում Ուկրաինան հաղթի»։

Որոշ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներ դժգոհություն են հայտնել, քանի որ Կալլասը, ում նշանակումից նույնիսկ 24 ժամ չէր անցել, իրեն թույլ էր տվել դուրս գալ սահմանված շրջանակներից։ «Կայա Կալլասը դեռ շարունակում է գործել ինչպես վարչապետ», – ասել է մի դիվանագետ։

Բացի այդ, ԵՄ մի բարձրաստիճան պաշտոնյա նշել է, որ Կալլասի դիրքորոշումը չի համընկնում ԵՄ որոշ անդամ երկրների դիրքորոշման հետ։ «Նրան լսելուց հետո տպավորություն է մնում, թե մենք Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ ենք, և դա ԵՄ դիրքորոշումը չէ», – նշել է անանուն պաշտոնյան։

Հոդվածում նաև անդրադարձ է կատարվում Կայա Կալլասի՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպման չեղարկմանը, որը Վաշինգտոնում վերջին պահին չեղարկվել էր։

Նմանատիպ