«Պոլիտիկո»․ Պեդրո Սանչեսը կարող է արտահերթ ընտրություններ նշանակել Իսպանիայում այն բանից հետո, երբ խորհրդարանը մերժեց բնակարանային քաղաքականության մասին կառավարության երկու օրինագիծը

19:39, 02.10.2026
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կարող է արտահերթ ընտրություններ նշանակել այն բանից հետո, երբ խորհրդարանը մերժեց բնակարանային քաղաքականության մասին կառավարության երկու կարևոր օրինագիծը։ Այս մասին տեղեկությունը տարածում է «Պոլիտիկո»-ն։
Օրինագծերը կառավարությունը ներկայացրել էր ընթացիկ շաբաթվա սկզբին։ Նպատակը վարձակալների պաշտպանությունը և շուկայի խիստ վերահսկողությունն է։ Նախաձեռնությանը նախորդել էր 87-ամյա կնոջ վտարումը, ինչը երկրի մասշտաբով բողոքի ակցիաներ էր առաջացրել։
Խորհրդարանի նիստի նախօրեին կառավարական աղբյուրները իսպանական «Էլ Պաիս» թերթին հայտնել են, որ Սանչեսը դիտարկում է արտահերթ ընտրություններ նշանակելու հարցը։ Երկրի փոխվարչապետ Յոլանդա Դիասը նշել է, որ զրուցել է Սանչեսի հետ և չի բացառել արտահերթ ընտրությունների հնարավորությունը։
Խորհրդարանի գումարման ժամկետը լրանում է գալիք ամռանը։ Ինչպես գրում է լրատվամիջոցը, ավելի ու ավելի շատ են տարածվում ենթադրություններն այն մասին, որ վարչապետը, ով ճնշման տակ է Սեուտայում ընթացող միգրացիոն ճգնաժամի, ինչպես նաև իր ընտանիքի անդամների և մոտ քաղաքական դաշնակիցների կոռուպցիոն գործերի պատճառով, հնարավոր է՝ արտահերթ ընտրություններ նշանակելու հարմար պահ է փնտրում։

Նմանատիպ