Politico. Էնթոնի Բլինկենը չի բացառում, որ առաջիկա շաբաթներին Ադրբեջանը ներխուժի Հայաստան, իսկ Ադրբեջանի նախագահի խորհրդականը հայտարարում է, որ Ադրբեջանը հավակնություն չունի Հայաստանի տարածքի նկատմամբ
ԱՄՆ պետքարտուղարն անցյալ շաբաթ օրենսդիրների փոքր խմբին հայտնել է, որ դեպարտամենտը դիտարկում է Ադրբեջանի՝ Հայաստան ներխուժելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է «Politico»-ն՝ հիմնվելով երկու աղբյուրների վրա։
Հրատարակության համաձայն՝ հոկտեմբերի 3-ին օրենսդիրների և Էնտոնի Բլինկենի միջև հեռախոսազրույց է կայացել, որի ընթացքում նրանք Բլինկենից դիրքորոշում են խնդրել Ադրբեջանի իշխանությունների դեմ հնարավոր միջոցների վերաբերյալ։ Պետքարտուղարն իր հերթին պատասխանել է, որ Պետդեպարտամենտը ուղիներ է փնտրում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար և չի ծրագրում թարմացնել համաձայնագիրը, որը թույլ է տալիս ԱՄՆ-ին ռազմական օգնություն տրամադրել Բաքվին։
Ինչպես գրում է «Politico»-ն, Էնտոնի Բլինկենի խոսքով, Պետդեպարտամենտը հավանականություն է տեսնում, որ առաջիկա շաբաթներին Ադրբեջանը ներխուժի հարավային Հայաստան։
Միաժամանակ Բլինկենը վստահություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող դիվանագիտական բանակցությունների վերաբերյալ։
Հրատարակությունը նշում է, որ Պետդեպարտամենտը չի մեկնաբանել օրենսդիրների և Էնտոնի Բլինկենի հեռախոսազրույցը, սակայն նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և հակամարտության կարգավորմանն ուղղակի բանակցությունների միջոցով։
Իր հերթին, Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հերքել է, որ Ադրբեջանը որևէ պահանջ ունի Հայաստանի տարածքի նկատմամբ։ Նա նշեց, որ հակամարտությունների ռիսկը ցածր է, քանի որ վերջին երկու շաբաթը, ըստ նրա, ամենահանդարտն է եղել հայ-ադրբեջանական հարաբերությունների պատմության մեջ։ Հաջիևի խոսքով, Ադրբեջանը վերականգնեց այն, ինչ իրավաբանորեն, պատմականորեն և բարոյապես իրենն էր և մտադիր չէ դե յուրե ներխուժել հայկական տարածք։