«Politico»-ն հայտնում է, որ ուժեղ շոգի պատճառով Եվրոպական հանձնաժողովի կենտրոնակայանի օդորակման համակարգը գերծանրաբեռնվել և անջատվել է

13:44, 27.06.2026

Բարձր ջերմաստիճանի (շոգի) պատճառով Եվրահանձնաժողովի կենտրոնակայանում օդորակման համակարգը գերբեռնվել և անջատվել է։ Այս մասին տեղեկատվությունը տարածում է «Պոլիտիկո»-ն (Politico)։

Ինչպես գրում է պարբերականը, աշխատակիցներին տեքստային հաղորդագրությամբ տեղեկացրել են, որ Բերլեմոնի (Berlaymont) շենքի առաջինից մինչև 7-րդ հարկերում հովացումը կդադարեցվի մինչև օրվա վերջ։

Պարբերականի տեղեկություններով՝ խնդիրն այն է, որ եվրահանձնակատարների գրասենյակները գտնվում են 8-րդ հարկից բարձր, որտեղ օդորակիչը շարունակում էր աշխատել։ Այդ թվում՝ կենտրոնակայանի 13-րդ հարկում է գտնվում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի աշխատասենյակը։ Սա, իր հերթին, դժգոհություն է առաջացրել ստորին հարկերի աշխատակիցների շրջանում։

«Սա միջնադարյան ֆեոդալիզմ է»,- հայտարարել է նրանցից մեկը «Պոլիտիկո»-ին։

Բելգիայում և Եվրոպայի մեծ մասում արդեն մեկ շաբաթ է, ինչ բարձր ջերմաստիճան է գրանցվում։ Բելգիայում գնացքների մեկ հնգերորդն առանց հովացման է, ինչի պատճառով երկաթուղային ընկերությունը պիկ ժամերին չեղարկել է չվերթների մի մասը։

Ընթացիկ շաբաթվա ընթացքում էլեկտրաէներգիան անջատվել էր նաև Եվրոպական խորհրդարանում՝ դարձյալ հովացման համակարգի գերբեռնվածության պատճառով։

Նմանատիպ