Politico. Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ բռնաճնշումներ է սկսել

21:07, 26.06.2026

«Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ բռնաճնշումներ է սկսել». այս վերնագրով հոդված է հրապարակում «Politico»-ն, որում նշվում է, որ այս շաբաթ թուրք իրավապահները ձերբակալել են «Իսլամական պետություն» և այլ խմբավորումների հետ կապ ունենալու մեջ կասկածվող 225 հոգու, այդ թվում՝ գիտնականների, ուսուցիչների և ակտիվիստների, որոնցից մեկը 79-ամյա բնապահպան է:

Հոդվածի համաձայն՝ Անկարայում արգելվել են հանրային հավաքները, քննությունները, մամուլի ասուլիսները և պաստառների ցուցադրությունը։ Անվտանգության ապահովման համար մոբիլիզացվել է 40 000 ոստիկան։

Ինչպես հաղորդում են տեղի լրագրողները, տասնյակ անկախ թուրք լրագրողների, առանց որևէ բացատրության, մերժել են հավատարմագրում տրամադրել հուլիսի 7-8-ին նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը լուսաբանելու համար, այդ թվում՝ այն լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնք քննադատաբար են տրամադրված նախագահ Էրդողանի կառավարության նկատմամբ։

«Politico»-ն գրում է, որ մամուլի ազատության 15 կազմակերպություններ հավատարմագրումների տրամադրման հետ կապված հարցը վերանայելու պահանջով գրավոր դիմել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին:

«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը չպետք է օգտագործվի որպես բռնաճնշումների պատրվակ։ Մենք ուշադիր հետևում ենք իրադարձությունների զարգացմանը և այս հարցերը կբարձրացնենք երկկողմ կանոնավոր շփումների ընթացքում»,- պարբերականի հետ զրույցում հայտնել է աղբյուրը։

Իսկ աղբյուրներից մեկը նշում է, որ ՆԱՏՕ-ն կապի մեջ է Թուրքիայի իշխանությունների հետ, որպեսզի վերանայվի հավատարմագրման ցուցակը։

Մամուլի ազատության ինդեքսով Թուրքիան 180 երկրների շարքում զբաղեցնում է 163-րդ տեղը, ինչը ՆԱՏՕ-ի անդամ երկրների թվում ամենացածր ցուցանիշն է։ Ադրբեջանից և Ռուսաստանից հետո երկիրն ունի ամենաշատ ձերբակալված լրագրողները։

Նմանատիպ