Փոթիում մետալուրգիական կոմբինատի մոտ բնակվող բնակչությունը հանրահավաք է անցկացրել
Փոթիում, Ճավճավաձեի փողոցում գտնվող մետալուրգիական կոմբինատի մոտ բնակվող բնակչությունը հանրահավաք է անցկացրել։ Ցուցարարները փակել են մայրուղին։
Ցուցարարների խոսքով, իրենք ստիպված են ապրել անտանելի պայմաններում, քանի որ գործարանի արտանետումները վնասում են իրենց առողջությանը։ Գործարանի ղեկավարությունից պարզաբանում են, որ խնդիրը համալիր ուսումնասիրության ու լուծման կարիք ունի։
Ինչ վերաբերում է երեկ մետալուրգիական կոմբինատում տեղի ունեցած դեպքին, ապա բնապահպանական վերահսկողության ծառայությունն արդեն հետաքննություն է սկսել։ Փոթիի քաղաքապետարանը նշում է, որ քաղաքապետն անմիջական կապի մեջ է ինչպես տեղի բնակչության, այնպես էլ գործարանի ղեկավարության հետ։
«Պահանջում ենք տեղափոխել կամ փակել ձեռնարկությունը, հակառակ դեպքում մեր գործողությունները նորից կշարունակվեն։ Երեկ պայթյուն է եղել, որը հաճախ է կրկնվում։ Բացի ծխից, գազի հոտից, օդի աղտոտվածությունից, շատ է աղմուկը, որն ազդում է մարդու առողջության վրա։ Երեկ, ինչպես ասում են, թթվածնի բալոն է պայթել, ոչ թե փոքր բալոն, ինչպես իրենք են ասում»,- ասաց հանրահավաքին ներկա Լելա Գաբիսոնիան։
Փոթիի մետալուրգիական գործարանում երեկ պայթյուն է տեղի ունեցել, տուժածներ չկան, վնասվել է հարակից բնակելի շենքը։