Փիթ Հեգսեթը հայտարարում է, որ հնարավոր է որոշ ամերիկացի զինվորականներ Եվրոպայից տեղափոխվեն Արևմտյան կիսագունդ

10:39, 04.10.2026

ԱՄՆ պաշտպանության քարտուղար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ հնարավոր է որոշ ամերիկացի զինվորականներ Եվրոպայից տեղափոխվեն Արևմտյան կիսագունդ: «The Hill»-ի փոխանցմամբ՝ որպես դրա պատճառ Հեգսեթը նշել է Արևմտյան կիսագնդում նարկոկարտելների դեմ ռազմական արշավների անցկացումը, ինչպես նաև Միացյալ Նահանգներում զինվորականներին նոր բազա տեղափոխելը:

Պենտագոնի ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ն ընդլայնում է իր ռազմական գործունեությունը Կենտրոնական և Հարավային Ամերիկայում՝ Էկվադորի, Հոնդուրասի, Գվատեմալայի և Պանամայի հետ միասին:

«Մենք, անշուշտ, ընդլայնում ենք մեր ներկայությունը և գործունեությունը Կենտրոնական և Հարավային Ամերիկայում մեր գործընկերների հետ, հատկապես Վենեսուելայում նախագահի կողմից ձեռնարկված վճռական քայլի շնորհիվ: Այս գործընկերության միջոցով մենք ունենք տնտեսական և ռազմական հնարավորությունների բոլորովին նոր հավաքածու»,- հայտարարել է Հեգսեթը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը շատ հստակ ցույց է տալիս, որ Նահանգները ցանկանում է Եվրոպայում դաշնակիցների միջև բեռի ավելի մեծ բաշխում:

«Եվ երբ մենք դա անենք, այդ ուժերի և ակտիվների մի մասը կտեղափոխվի այլուր՝ կամ հետ՝ այն մեծ, լավ բազան, որը մենք պատրաստվում ենք կառուցել և որի մասին հայտարարել ենք, կամ նրանք կփոխեն իրենց տեղակայումը Արևմտյան կիսագնդում, քանի որ մենք հակահարված ենք տալու այդ ահաբեկչական կազմակերպություններին»,- հայտարարել է Պենտագոնի ղեկավարը:

Ինչպես գրում է պարբերականը, ներկայում ԱՄՆ-ն Հարավային Ամերիկայում զգալի ռազմաբազաներ չունի: Միևնույն ժամանակ, 2025 թվականի աշնանից Պենտագոնն ուժեղացրել է ռազմական գործողությունները Լատինական Ամերիկայում նարկոկարտելների դեմ: 2025 թվականի սեպտեմբերի 2-ից ԱՄՆ զինվորականներն առնվազն 70 հարված են հասցրել Կարիբյան ծովում և Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում նարկոթրաֆիկինգի մեջ կասկածվող նավերին:

Բացի այդ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ եվրոպական երկրները պետք է ավելին անեն սեփական պաշտպանությունն ամրապնդելու համար:

Նմանատիպ