Փաստաթղթերի համաձայն՝ Ռուսաստանը 10-օրյա ծրագիր ուներ Ուկրաինա ներխուժելու և նրա առաջնորդներին սպանելու համար
Գաղտնազերծված ռուսական փաստաթղթերի համաձայն՝ Ռուսաստանը 10-օրյա ծրագիր ուներ Ուկրաինա ներխուժելու և նրա առաջնորդներին սպանելու համար։ Այս մասին ասված է բրիտանական «Պաշտպանության և անվտանգության հետազոտությունների թագավորական ինստիտուտի» (RUSI) հետազոտության մեջ։
Հետազոտության համաձայն՝ Ռուսաստանը նախատեսում էր Ուկրաինայի տարածքի անեքսիան ավարտել մինչև այս տարվա օգոստոս։ Բրիտանական ռազմական վերլուծական կենտրոնի զեկույցի համաձայն, պլանների ամբողջ ծավալը հայտնի էր միայն ռուս պաշտոնյաների փոքր խմբին:
Ինչպես նշվում է զեկույցում, Ուկրաինա ներխուժման և օկուպացիայի պլանը ներխուժումից մի քանի օր առաջ հայտնի չէր անգամ ՌԴ ԶՈւ ստորաբաժանումների հրամանատարների տեղակալներին, իսկ մարտավարական զորամիավորումները հրամանը ստացել էին ներխուժումից մի քանի ժամ առաջ:
Փաստաթղթերը նաև պարզել են, որ Ռուսաստանը ծրագրել է տիրանալ Ուկրաինայի էլեկտրակայաններին, օդանավակայաններին, ջրամատակարարմանը, Կենտրոնական բանկին և խորհրդարանին: Փաստաթղթերում նշվում է, որ ռուսական հատուկ ծառայություններին հանձնարարվել է վերացնել Ուկրաինայի ղեկավարությունը։ Ուկրաինայի հետախուզական ծառայությունները նույնպես կարծում են, որ Ռուսաստանը պլանավորում էր օգտագործել բելառուսական օդադեսանտային ստորաբաժանումները Ռիվնի և Խմելնիցկի ատոմակայանները գրավելու համար։
Հետազոտության համաձայն՝ Ռուսաստանը պլանավորում էր «զանգվածային հրթիռային և օդային հարվածներով» ներխուժել ուկրաինական ռազմական օբյեկտներ, մինչդեռ կարևոր ենթակառուցվածքները, ինչպիսիք են էլեկտրակայանները և երկաթուղիները, նախատեսված չէին հարձակման ենթարկել, քանի որ դրանք կարևոր հենարան կլինեին Ուկրաինայի օկուպացման համար։
Զեկույցում նշվում է նաև, որ Ռուսաստանը պլանավորում է ժամանակի ընթացքում ուսուցիչներ և այլ պաշտոնյաներ բերել Ռուսաստանից՝ «ուկրաինացիներին վերակրթելու» համար: