Փաստաբանի խոսքով՝ Բադրի Էսեբուան չի ընդունում մեղքը և իրեն մեղավոր չի համարում
Փաստաբանի խոսքով՝ Բադրի Էսեբուան չի ընդունում մեղքը և իրեն մեղավոր չի համարում

Բադրի Էսեբուան չի ընդունում մեղքը և իրեն մեղավոր չի համարում, այս մասին լրագրողներին հայտնել է ձերբակալվածի փաստաբան Իոսեբ Ջանաշիան։

Ըստ Իոսեբ Ջանաշիայի՝ Էսեբուան ընդհանրապես բանկում չի եղել։

«Նա իրեն մեղավոր չի ճանաչում։ Իսկ թե որտեղ է եղել այս տարիների ընթացքում, նրա ընդհանուր պատասխանն է եղել, որ զգում է իր կյանքը կործանելու վտանգը, ուստի խուսափել է հետաքննության փուլում ներկայանալ իրավապահներին»,- ասել է Բադրի Էսեբուայի փաստաբան Իոսեբ Ջանաշիան։

«Georgia Bank»-ի մասնաճյուղը թալանելու մեջ մեղադրվող Բադրի Էսեբուայի ձերբակալության մասին տեղեկությունը տարածվել է այսօր առավոտյան։ Ներքին գործերի նախարարությունն արդեն հրապարակել է Էսեբուայի ձերբակալության պաշտոնական տեղեկատվությունն ու տեսագրությունները։ Էսեբուային տեղափոխել են Քութայիսի թիվ 2 քրեակատարողական հիմնարկ։ Առաջին ալիքի տեղեկություններով՝ Բադրի Էսեբուան ձերբակալվել է Ջիխաշկարի գյուղում։

Զուգդիդիում «Վրաստանի բանկի» մասնաճյուղի վրա հարձակումը տեղի է ունեցել 2020 թվականի հոկտեմբերի 21-ին։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ավազակային հարձակումն իրականացրել է Բադրի Էսեբուան։ Հարձակվողը մի քանի ժամ պատանդ է պահել 43 մարդու։ Հետաքննության տվյալներով՝ հարձակվողը կարողացել է բանկից կես միլիոն դոլար վերցնել։

Գործով հետաքննությունը սկսվել է Վրաստանի Քրեական օրենսգրքի 236, 323 և 329 հոդվածներով, որոնք վերաբերում են ահաբեկչական գործողությանը, ահաբեկչական նպատակներով պատանդ վերցնելուն և ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելուն, պահելուն ու կրելուն։