Փաստաբանը մտադիր է բողոքարկել Մեգիս Քարդավայի դեմ կայացված հինգ մեղադրական դատավճիռները
Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության նախկին պետ Մեգիս Քարդավայի փաստաբան Մալխազ Վելիջանաշվիլին մտադիր է 30 օրվա ընթացքում բողոքարկել Քարդավայի նկատմամբ կայացված դատավճիռները: Այդ մասին փաստաբանը պատմել է Վրաստանի Առաջին ալիքին:
Փաստաբանի խոսքով, իրենք բողոքարկելու համար 30 օր ժամանակ ունեն: Այս ժամկետի հաշվարկը սկսվում է Քարդավայի ձերբակալությունից, այսինքն երեկվանից, երբ նրան բերեցին Վրաստան:
«Առաջին աշխատանքային օրը՝ երկուշաբթի, կարող ենք տեսակցել Մեգիս Քարդավային: Դրանից հետո մենք կպարզենք ապագա ռազմավարությունը, ընթացակարգային առումով ունենք մեկ ամիս ժամանակ՝ բողոքարկելու բոլոր այն դատավճիռները, որոնք մեղադրական են:
Գործերից մեկն այն է, երբ առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է: Ինչ վերաբերում է բոլոր հանցագործությունների վերաբերյալ իր դիրքորոշմանը, ապա նա իրեն մեղավոր չի ճանաչում: Նա պնդում էր, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, և այդ բոլոր գործերը շինծու են», – ասել է Մալխազ Վելիջանաշվիլին:
Դատախազության տվյալներով, Վրաստանում Մեգիս Քարդավայի դեմ հարուցված 11 քրեական գործերից հինգի շուրջ կայացվել է մեղադրական դատավճիռ, իսկ վեց քրեական գործեր կքննվեն Թբիլիսիի քաղաքային դատարանում:
Ուկրաինայի դատարանը բավարարեց Մեգիս Քարդավային արտահանձնելու վերաբերյալ Վրաստանի դատախազության միջնորդությունը և սեպտեմբերի 17-ին Վրաստանի արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայության աշխատակիցները նրան Ուկրաինայից տեղափոխեցին Վրաստան: