Փարիզում տեղի է ունեցել Էմանուել Մակրոնի և Մարկ Քարնիի հանդիպումը

18:52, 17.03.2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում հանդիպել է Կանադայի նոր վարչապետ Մարկ Քարնիին։ Վարչապետի պաշտոնում սա Մարկ Քարնիի առաջին արտասահմանյան այցն է։

Ինչպես նշել է Կանադայի վարչապետը Մակրոնի հետ հանդիպման ընթացքում, Կանադայի համար այսօր առավել քան երբևէ կարևոր է ամրապնդել հարաբերությունները Ֆրանսիայի նման վստահելի դաշնակիցների հետ։

«Երկու կողմերն էլ աջակցում են ինքնիշխանությանը և անվտանգությանը, ինչը դրսևորվում է Ուկրաինայի նկատմամբ ձեր առաջնորդությամբ մեր անսասան աջակցությամբ։ Այսօր, երբ մենք տեսնում ենք, որ աշխարհում ավելի ու ավելի շատ կառավարություններ մերժում են այս սկզբունքը, Կանադայի համար առավել քան երբևէ կարևոր է ամրապնդել հարաբերությունները Ֆրանսիայի նման վստահելի դաշնակիցների հետ»,- հայտարարել է Մարկ Քարնին։

Իր հերթին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ միջազգային կանոններին հետևող առևտուրը ավելի արդյունավետ գործիք է բարեկեցության համար, քան մաքսատուրքերն են։

«Կարծում եմ, մենք երկուսս էլ հավատում ենք, որ արդար առևտուրը, որը հարգում է միջազգային կանոնները, լավ է բոլորի բարեկեցության համար։ Դա, անշուշտ, ավելի արդյունավետ է, քան մաքսատուրքերն են, որոնք առաջացնում են գնաճ և վնասում արտադրական շղթաներին ու մեր տնտեսության ինտեգրմանը»,- ասել է Մակրոնը։

Այսօր ավելի ուշ Մարկ Քարնին կմեկնի Լոնդոն։

Ֆրանսիայում Էմանուել Մակրոնի և Մարկ Քարնիի հանդիպումը տեղի է ունեցել Կանադայի և Եվրամիության՝ ԱՄՆ-ի հետ լարված առևտրային հարաբերությունների ֆոնին։

Նմանատիպ