Պետրաս Ավստրևիչուս. Վրաստանի կառավարությունը բարձր գին կվճարի մարդու իրավունքների խախտումների համար
Եվրախորհրդարանի պատգամավոր Պետրաս Ավստրևիչուսը արձագանքում է «Դրոայի» ղեկավար Էլենե Խոշտարիայի ձերբակալությանը և հայտարարում, որ Վրաստանի կառավարությունը բարձր գին է վճարելու մարդու իրավունքների խախտումների համար։
Այս մասին Պետրաս Ավստրևիչուսը գրել է «X» սոցիալական ցանցում։
«Վրաստանի ոստիկանությունը, հանդես գալով ռուսական ոճով, երեկ ձերբակալել, ահաբեկել և նվաստացրել է ընդդիմադիր «Դրոա» կուսակցության նախագահ Էլենե Խոշտարիային։ Վրաստանի կառավարությունը բարձր գին կվճարի մարդու իրավունքների խախտումների համար»,- գրում է Պետրաս Աուստրևիչուսը։
«Դրոա» կուսակցության նախագահ Էլենե Խոշտարիան պնդում է, որ Դիղոմիի մեկուսարանում իրեն ենթարկել են ֆիզիկական բռնության ռուսական ստորացուցիչ և անմարդկային մեթոդների։
Ըստ ՆԳՆ-ի՝ Էլենե Խոշտարիան «նախքան ժամանակավոր պահման վայրում հայտնվելը օրենքով սահմանված կարգով ենթարկվել է անհրաժեշտ ընթացակարգերի։ Զննությամբ ձերբակալվածի մոտ հայտնաբերվել է ենթադրյալ ապօրինի նյութ, որի համար նշանակվել է համապատասխան փորձաքննություն»։
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ Էլենե Խոշտարիան ձերբակալվել է մարտի 28-ին, խորհրդարանի հարևանությամբ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածներով մանր խուլիգանության համար։