Պետքարտուղարության հայտարարությամբ, Ռուսաստանի կառավարության ընդունած օրենքները խստորեն սահմանափակել են քաղաքական բազմակարծությունը և թույլ չեն տվել մարդկանց իրականացնել իրենց քաղաքացիական և քաղաքական իրավունքները:
ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել ՝ կապված Ռուսաստանի խորհրդարանական ընտրությունների հետ: Պետքարտուղարության հայտարարության մեջ նշվում է, որ սեպտեմբերի 17-19-ը Ռուսաստանի խորհրդարանական ընտրություններն անցել են այնպիսի պայմաններում, որոնք չեն նպաստում ազատ և արդար ընտրությունների անցկացմանը:
Դեպարտամենտի հաղորդմամբ, Ռուսաստանի կառավարության կողմից ընդունված «ծայրահեղական կազմակերպությունների», «օտարերկրյա գործակալների» և «անցանկալի կազմակերպությունների» մասին օրենքները խստորեն սահմանափակել են քաղաքական բազմակարծությունը և թույլ չեն տվել մարդկանց իրականացնել իրենց քաղաքացիական և քաղաքական իրավունքները:
Ըստ հայտարարության, Ռուսաստանի կառավարության սահմանափակումները թույլ չեն տվել ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակին դիտորդական առաքելություն իրականացնել ընտրությունների նկատմամբ, ինչը սահմանափակում է թափանցիկությունը:
Հայտարարության մեջ նշվում է, որ կառավարության գործողությունները խախտում են Ռուսաստանի պարտավորությունները, այդ թվում ՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը: Պետքարտուղարությունը կոչ է անում Ռուսաստանին կատարել իր միջազգային պարտավորությունները, հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները և դադարեցնել իր ճնշումը քաղաքացիական հասարակության, քաղաքական ընդդիմության և անկախ լրատվամիջոցների վրա:
Բացի այդ, գերատեսչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ Միացյալ Նահանգները չի ճանաչում Ուկրաինայի ինքնիշխան տարածքում Ռուսաստանի խորհրդարանական ընտրությունների անցկացումը և վերահաստատում է իր անմնացորդ աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը: