Պետեր Մադյարը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կհանդիպի Վոլոդիմիր Զելենսկիի հետ, եթե երկու երկրները համաձայնության գան Ուկրաինայում բնակվող հունգարական փոքրամասնության հիմնարար իրավունքների վերաբերյալ
Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ հաջորդ շաբաթվա սկզբին, եթե երկու երկրները համաձայնության գան Ուկրաինայում հունգարական փոքրամասնության հիմնարար իրավունքների վերաբերյալ։
Բեռլինում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսում ելույթ ունենալով՝ Մադյարը հաստատել է, որ երկրների միջև բանակցություններ են ընթանում հունգարական փոքրամասնության լեզվական, մշակութային և կրթական իրավունքների վերաբերյալ, թեև առայժմ տեխնիկական մակարդակով։
«Բանակցություններն այժմ շատ խոստումնալից են ընթանում։ Մենք հույս ունենք այս շաբաթ ավարտել տեխնիկական մակարդակը», – ասել է Մադյարը։
Հունգարիայի վարչապետի խոսքով՝ մայրենի լեզվի օգտագործումը փոքրամասնության համար մանկապարտեզում, դպրոցում կամ վարչակազմում «լրացուցիչ արտոնություն» չէ, այլ մարդու հիմնարար իրավունք։
«Երկիրը, որը խնդրում է սկսել անդամակցության բանակցություններ Եվրամիության հետ, պարտավոր է պաշտպանել այդ իրավունքները», – բացատրել է Պետեր Մադյարը։