Պետական սահմանի ապօրինի հատման գործով Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 4 տարի և 6 ամիս ազատազրկման, իսկ դատավճիռների համակցությամբ նրա ընդհանուր պատիժը սահմանվել է 12 տարի և 6 ամիս
Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի պետական սահմանի ապօրինի հատման գործով երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ճանաչել է մեղավոր։ Սաակաշվիլիին սահմանվել է 4 տարի և 6 ամիս ազատազրկում, սակայն դատավճիռների համակցությամբ դատավորը նրան դատապարտել է 12 տարի և 6 ամիս ազատազրկման։
Որոշումը կայացրել է դատավոր Միխեիլ Ջինջոլիան։
«Դատարանը որոշեց, որ Միխեիլ Սաակաշվիլին ճանաչվի մեղավոր Վրաստանի քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության կատարման համար։ Նրա պատիժը կկազմի 4 տարի և 6 ամիս ազատազրկում՝ ՔՕ 59-րդ հոդվածի երրորդ և չորրորդ մասերի հիման վրա։ Այս պատժին մասամբ կավելանա քաղաքային դատարանի 12 մարտի վճռով սահմանված 8 տարվա ազատազրկումը և 3 տարի պետական ծառայությունում պաշտոն զբաղեցնելու արգելքը։ Վերջնական պատժի համակցությամբ Միխեիլ Սաակաշվիլին կդատապարտվի 12 տարի և 6 ամիս ազատազրկման, ինչպես նաև 3 տարի պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկման»,- նշեց դատավորը։
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին՝ պետական սահմանի ապօրինի հատման մեղադրանքով։
Բացի այդ, Թբիլիսիի քաղաքային դատարանը մարտի 12-ին Միխեիլ Սաակաշվիլիին դատապարտել է 9 տարվա ազատազրկման՝ պետական բյուջեի միջոցների յուրացման գործով։