Պետական անվտանգության ծառայությունը Լևան Խաբեշվիլիին ձերբակալել է պաշտոնյաներին հրապարակավ կաշառք խոստանալու մեղադրանքով
Պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է «Ազգային շարժման» քաղաքական խորհրդի անդամ Լևան Խաբեշվիլիին՝ պաշտոնյաներին հրապարակավ կաշառք խոստանալու մեղադրանքով։
Այս մասին հայտարարվել է Պետական անվտանգության ծառայությունում կայացած ճեպազրույցի ժամանակ։
«Քրեական գործը վերաբերում է պաշտոնյաներին կաշառքի տեսքով հրապարակայնորեն դրամական գումարներ խոստանալու փաստին։ Մասնավորապես, քաղաքական կուսակցություններից մեկի ներկայացուցիչ Լևան Խաբեշվիլին հրապարակավ, հեռուստատեսությամբ և սոցիալական ցանցերում կոչեր է տարածել և խոստացել է կաշառել իրավապահ մարմինների աշխատակիցներին, եթե ՆԳՆ հատուկ նշանակության վարչության աշխատակիցները հրաժարվեն կատարել իրենց պարտականությունները հակակառավարական հանրահավաքների ժամանակ, և եթե նրանք չօգտագործեն իրենց տրամադրության տակ գտնվող օրենքով թույլատրված հատուկ միջոցները։ Լևան Խաբեշվիլին հրապարակայնորեն խոստացել է 200,000 ԱՄՆ դոլար վճարել նման արարք կատարող յուրաքանչյուրին։ Բացի այդ, Լևան Խաբեշվիլին հրապարակայնորեն խոստացել է 200,000 ԱՄՆ դոլար կաշառք վճարել այն ոստիկաններին, ովքեր կտրամադրեն իրենց ծառայողական գործունեությանը վերաբերող տարբեր տեսակի տեղեկատվություն և գաղտնի նյութեր։ Նա նշված գումարը խոստացել է որպես կաշառք հատուկ նշանակության վարչության աշխատակիցներին՝ մարզումներին և վարժանքներին մասնակցելուց հրաժարվելու դիմաց։
Լևան Խաբեշվիլին նաև հրապարակայնորեն հայտարարել է, որ նպատակահարմար է համարում խոստացված գումարը վճարել ոստիկաններին, քանի որ կառավարությունը փոխելու համար պետք է օգտագործվի ցանկացած մեթոդ։ Քանի որ Խաբեիշվիլիի կողմից կատարված գործողությունները, որոնք ունեցել են շարունակական, համակարգային բնույթ, ցույց են տալիս Վրաստանի քրեական օրենսգրքի 339-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության բոլոր նշանները, նա մեր կողմից կալանավորվել է որպես մեղադրյալ՝ դատավորի որոշման հիման վրա։ Հանցագործությունը նախատեսում է 4-ից 7 տարի ազատազրկում», – ասել է Պետական անվտանգության ծառայության կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության տնօրեն Էմզար Գագնիձեն։