Պենտագոնում հայտարարում են, որ Վրաստանի համար ձևակերպվել է «Ջավելին» հակատանկային համակարգերի արտադրման նոր պայմանագիր
Պենտագոնը գործընկեր երկրների, այդ թվում Վրաստանի և Ուկրաինայի համար, ձևակերպել է «Ջավելին» հակատանկային համակարգերի արտադրության նոր համաձայնագիր: Համապատասխան տեղեկատվությունը տեղադրված է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության կայքում:
Ըստ Պենտագոնի, պայմանագրի ընդհանուր արժեքը գերազանցում է 18 միլիոն դոլարը: Հրթիռային համակարգերի արտադրությունը պենտագոնը պատվիրել է՝ Raytheon / Lockheed Martin Javelin JV-ն ընկերությանը: Աշխատանքները կատարվելու են Արիզոնա նահանգի, Տուկսոն քաղաքում:
«Ջավելինների» նոր արտադրությունը նախատեսված է ԱՄՆ-ի գործընկեր պետությունների, մասնավորապես ՝ Վրաստանի, Ուկրաինայի, Չեխիայի, Լիտվայի, Էստոնիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի, Ավստրալիայի, Ինդոնեզիայի, Նոր Զելանդիայի, Քաթարի, Օմանի, Հորդանանի և Արաբական Միացյալ Էմիրությունների համար:
Աշխատանքների ավարտման վերջնաժամկետն է 2020 թվականի հունիսի 25-ը:
Վրաստանը «Ջավելին» հակատանկային համակարգերի առաջին խմբաքանակը ԱՄՆ-ից ստացել է 2018 թվականի հունվարին: