Պենտագոնի հաղորդմամբ, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան Եմենում հարձակվել են «հութիների» ութ թիրախների վրա
Ամերիկայի Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան շարունակում են ավիահարվածներ հասցնել Եմենում հութիների թիրախներին։
Պենտագոնի տվյալներով, այս անգամ նրանք հարձակվել են «հութիների» ութ թիրախների վրա, այդ թվում՝ ստորգետնյա պահեստարանների, հրթիռների և հսկողության սարքավորումների վրա։
Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան համատեղ հայտարարության մեջ նշել են, որ փորձում են պաշտպանել «առևտրի ազատ հոսքը»։
«Մեր նպատակը մնում է լարվածության թուլացումը և կայունության վերականգնումը Կարմիր ծովում»,- ասվում է հայտարարության մեջ։
Համատեղ հայտարարության մեջ նշվում է նաև, որ հարվածներն իրականացվել են Ավստրալիայի, Բահրեյնի, Կանադայի և Նիդեռլանդների աջակցությամբ։
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ուժերը հունվարի 11-ին առաջին անգամ հարձակումներ են իրականացրել Եմենում հութիների թիրախների վրա։ Ինչպես պարզաբանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ավիահարվածները պատասխան են եղել հութիների հարձակումներին Կարմիր ծովում առևտրային նավերի վրա։