Այսօր կհուղարկավորեն ֆուտբոլի արքա Պելեին։ Բրազիլիայի Սանտոս քաղաքում հազարավոր մարդիկ են հավաքվել՝ հրաժեշտ տալու Պելեին։
Քաղաքացիները ֆուտբոլի թագավորին հարգանքի տուրք կմատուցեն «Ուրբանո Կալդիրա» մարզադաշտում, որտեղ գտնվում է Պելեի նախկին թիմը՝ «Սանթոսը»:
Լեգենդար ֆուտբոլիստի հուղարկավորությանը ներկա են գտնվել ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն և CONMEBOL-ի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ալեխանդրո Դոմինգեսը։
Պելեին կհուղարկավորեն Սանտոսի մասնավոր գերեզմանատանը։ Բրազիլիայի կառավարությունը նախատեսում է լեգենդար ֆուտբոլիստի անունով կոչել Սանտոս նավահանգիստը, որը Բրազիլիայի և Լատինական Ամերիկայի ամենամեծ նավահանգիստն է։
Հիշեցնենք, որ Պելեն մահացել է դեկտեմբերի 29-ին 82 տարեկան հասակում։ Լեգենդար բրազիլացին ֆուտբոլի պատմության մեջ միակն է, ով երեք անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը (1958, 1962, 1970)։ Պելեն Բրազիլիայի հավաքականի կազմում անցկացրել է 92 հանդիպում և դարձել 77 գոլի հեղինակ։