Պեդրո Սանչես՝ մենք ամուր հաստատված կապեր ունենք ԱՄՆ-ի հետ, որոնք տասնամյակների ընթացքում դիմակայել են թե՛ Իսպանիայում, թե՛ ԱՄՆ-ում վարչակազմերի գաղափարական փոփոխություններին

22:12, 08.07.2026

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ երկկողմ հարաբերությունները «դրական» են, և նշել է, որ Իսպանիան կատարել է պաշտպանական ծախսերի հետ կապված իր պարտավորությունները 2026 թվականի համար։

«Հարաբերությունները դրական են։ Իսպանիան մի երկիր է, որը ցանկանում է և աշխատում է բոլոր երկրների, հատկապես դաշնակից պետությունների հետ հնարավոր լավագույն հարաբերությունները պահպանելու ուղղությամբ։ Մենք նրանց հետ ունենք ամուր հաստատված կապեր, որոնք տասնամյակների ընթացքում դիմակայել են ինչպես Իսպանիայում, այնպես էլ Միացյալ Նահանգներում իշխանության ղեկին գտնվող վարչակազմերի գաղափարական ուղղությունների փոփոխությանը»,— հայտարարել է Պեդրո Սանչեսը։

Նրա խոսքով՝ ինքը հնարավորություն է ունեցել ոչ պաշտոնական զրույց ունենալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, այդ թվում՝ ֆուտբոլի և ԱՄՆ-ում ընթացող Աշխարհի առաջնության մասին։

«Այո, ես հնարավորություն ունեցա ոչ պաշտոնական զրույց ունենալ Միացյալ Նահանգների նախագահի հետ։ Խոսեցինք ֆուտբոլի և Միացյալ Նահանգներում ընթացող Աշխարհի առաջնության մասին։ Դա ոչ պաշտոնական, ազատ զրույց էր, որում բացարձակապես ոչ մի լարվածություն չկար։ Ընդհակառակը, ամեն ինչ անցավ ընկերական և քաղաքավարի մթնոլորտում։ Այս զրույցը տեղի ունեցավ Միացյալ Նահանգների նախագահի մամուլի ասուլիսի ավարտից հետո»,— նշել է Իսպանիայի վարչապետը։

Ինչ վերաբերում է առևտրի հարցին, Սանչեսը նշել է, որ ԱՄՆ-ի հետ առևտրային դեֆիցիտ ունեն։

«Երբ խոսում ենք առևտրի մասին, ես միշտ ասել եմ (քանի որ սա առաջին դեպքը չէ, որ նման քննադատության թիրախ ենք դառնում), որ Իսպանիան ԱՄՆ-ի հետ առևտրային դեֆիցիտ ունի»,— հայտարարել է Իսպանիայի վարչապետը։

Հիշեցնենք, որ Անկարայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսպանիան ՆԱՏՕ-ի սարսափելի դաշնակից է, և հրամայել էր դադարեցնել այդ երկրի հետ ամեն տեսակի առևտուրը։

Նմանատիպ