Պեդրո Սանչեսը հույս ունի, որ ԵՄ-ի և Ուկրաինայի միջև անդամակցության բանակցությունները կսկսվեն մինչև ԵՄ Խորհրդում Իսպանիայի նախագահության ավարտը
Պեդրո Սանչեսը հույս ունի, որ ԵՄ-ի և Ուկրաինայի միջև անդամակցության բանակցությունները կսկսվեն մինչև ԵՄ Խորհրդում Իսպանիայի նախագահության ավարտը

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հուսով է, որ Եվրամիության և Ուկրաինայի միջև անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մինչև տարեվերջ՝ մինչև Եվրամիության խորհրդում Իսպանիայի նախագահության ժամկետի ավարտը,- ասել է Սանչեսը՝ Եվրախորհրդարանում ելույթ ունենալիս:

«Իսպանիայի նախագահությունը ես սկսել եմ Կիև կատարած այցով և հուսով եմ, որ այն կավարտեմ՝ սկսելով այս երկրի հետ անդամակցության բանակցությունները հիմա, երբ հայտնի է Եվրահանձնաժողովի զեկույցը», – ասել է Պեդրո Սանչեսը։

Սանչեսի խոսքով, եկել է ժամանակը, որ Եվրամիությունը դռները բացի Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի և Արևմտյան Բալկանների երկրների համար։

ԵՄ առաջնորդները ընդլայնման մասին որոշում պետք է կայացնեն դեկտեմբերի 14-15-ը նախատեսված գագաթնաժողովում։ Հունգարիան դեմ է Ուկրաինայի հետ բանակցությունների մեկնարկին:

Դեկտեմբերի 31-ին ավարտվում է Եվրամիության խորհրդում Իսպանիայի նախագահության ժամկետը։ Հունվարից վեց ամիս ժամկետով Եվրամիությունում նախագահությունը կստանձնի Բելգիան։