Պեդրո Սանչես. Ես ուրախ եմ, որ մենք դռները բացեցինք դեպի Արևմտյան Բալկաններ, Ուկրաինա, Մոլդովա և Վրաստան
Պեդրո Սանչես. Ես ուրախ եմ, որ մենք դռները բացեցինք դեպի Արևմտյան Բալկաններ, Ուկրաինա, Մոլդովա և Վրաստան

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը Դավոսում կայացած պանելային քննարկման ժամանակ խոսել է Եվրամիության ապագայի և Միության ընդլայնման մասին։

Սանչեսը նշել է, որ 2023 թվականի երկրորդ կեսին՝ Եվրամիության խորհրդի նախագահության օրոք, Իսպանիան սկսել է անդամակցության բանակցությունների գործընթացը։

«Իսպանիայի նախագահության օրոք մենք սկսել ենք անդամակցության բանակցությունները Ուկրաինայի, Մոլդովայի, Արեւմտյան Բալկանների հետ։ Այս ընդլայնումը պահանջում է մեր ինստիտուտների և որոշումների կայացման գործընթացների բարեփոխում` միաձայնությունից մինչև մեծամասնական քվեարկություն, սակայն սրանք գործիքներ են: Ամենակարևորը աշխարհաքաղաքական փոփոխությունն է, որին ականատես կլինենք առաջիկա տարիներին։ Կարծում եմ՝ սա լավ է և կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում կկայունացնի իրավիճակը Եվրոպայի արևելյան հատվածում։

Ես դրական կանխազգացում ունեմ, թե ինչ է լինելու Եվրոպայում առաջիկա տարիներին։ Մենք շատ բան ենք սովորել վերջին 4-5 տարիներին ապրած ճգնաժամից՝ համաճարակից, և ոչ միայն համաճարակից, Ուկրաինայի պատերազմից։ Եվ հիմա մենք ականատես կլինենք ավելի դաշնային և ավելի ինտեգրված Եվրամիության: Ուրախ եմ, որ մենք դռները բացեցինք դեպի Արևմտյան Բալկաններ, ինչպես նաև Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի համար»,- ասել է Պեդրո Սանչեսը։