Վրաստանի ՊԲ զինծառայողներն ակտիվորեն շարունակում են Շովիի հանգստավայրում ընթացող լիկվիդացման և որոնողական աշխատանքները։
Վրաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ աղետի գոտու երկու տեղամասերում աշխատում են զինվորականներ։ Տեղում մոբիլիզացված է ՊԲ ծանր տեխնիկան։ Անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի անմիջապես ներգրավել լրացուցիչ սարքավորումներ։
«Որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված են Արևելյան և Արևմտյան հրամանատարությունների, մարտա-ինժեներական ստորաբաժանումների, նյութատեխնիկական ապահովման հրամանատարության և Ազգային գվարդիայի 10-րդ կադրային բրիգադի 102-րդ տարածքային պաշտպանության գումարտակի զինվորականները։ Զինվորական անձնակազմն ակտիվորեն իրականացնում է միջոցառումներ՝ աջակցելով ՆԳՆ ԱԻ ծառայության փրկարարներին»,- ասվում է տեղեկատվության մեջ։