Պայմանագրեր են կնքվել արտերկրում ուռուցքային հիվանդություններով երեխաների բուժման ծրագրի գործընկեր կլինիկաների հետ
Պայմանագրեր են կնքվել արտերկրում ուռուցքային հիվանդություններով երեխաների բուժման ծրագրի գործընկեր կլինիկաների հետ:
Պայմանագրեր են կնքվել մինչև 18 տարեկան ուռուցքաբանությամբ ախտորոշված երեխաների և դեռահասների արտասահմանյան բուժման ծրագրի գործընկեր կլինիկաների հետ։
Համագործակցության փաստաթուղթը ստորագրել են «Վրաստանի համերաշխության հիմնադրամի» ղեկավար Էկատերինե Փեստվենիձեն, Թուրքիայի «Անադոլու բժշկական կենտրոնի», Իսպանիայի «Chiron Salud պրոտոնային թերապիայի կենտրոնի», «Թել Ավիվ Սուրասկի (Իխիլով) բժշկական կենտրոնի» ղեկավարները։
Միջոցառման շրջանակում Էկատերինե Փեստվենիձեն ներկայացրել է նաև արտերկրում ուռուցքաբանությամբ ախտորոշված երեխաների բուժման ծրագրի շնորհանդեսը և խոսել այն հնարավորությունների մասին, որոնք ծրագիրը տալիս է յուրաքանչյուր շահառուի։
«Գործընկեր կլինիկաների ղեկավարները հանդես եկան նաև շնորհանդեսներով, նրանք միջոցառման հյուրերին ներկայացրեցին իրենց բուժհաստատությունները և այդ հաստատություններում առկա հնարավորությունները մանկական ուռուցքաբանության ոլորտում։
Ուռուցքաբանությամբ ախտորոշված երեխաների արտասահմանում բուժման ծրագիրը յուրաքանչյուր շահառուի տալիս է բարձր տեխնոլոգիական, բարձրակարգ բժշկական ծառայություններ ստանալու հավասար հնարավորություն։ Նրանց ընտանիքները զգալիորեն ազատվում են այն ֆինանսական ճնշումից, որին նրանք բախվում են քաղցկեղի դեմ պայքարում: Ծրագիրը ներառում է ախտորոշում և բուժման ստանդարտ կուրս՝ քիմիաթերապիա, ճառագայթային թերապիա, վիրաբուժական միջամտություն։ Նաև՝ պրոտոնային թերապիա՝ կախված հիվանդի կարիքներից։
Գործընկեր կլինիկաների շարքում հիվանդները կբաշխվեն՝ հաշվի առնելով նրանց անհատական կարիքները, կլինիկայի հնարավորությունները և հիվանդի ընտանիքի ընտրությունը։ Ծրագիրը ֆինանսավորվում է Առողջապահության նախարարության կողմից և տարեկան բյուջեն կազմում է մոտ 30 մլն լարի։
Ծրագիրն իրականացնում է «Վրաստանի համերաշխության հիմնադրամը»։ Արտերկրում բուժման ծրագիրն անցումային փուլ է՝ մինչև Վրաստանում ժամանակակից չափանիշներով և բարձր տեխնոլոգիական սարքավորումներով հագեցած մանկական ուռուցքաբանության պետական կենտրոնի բացումը, որը հայտարարել է առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին 2022 թվականի դեկտեմբերին։
Կենտրոնում մեկ տարածքում հասանելի կլինի բժշկական ծառայությունների ողջ տեսականին։ Այս ուղղությամբ Առողջապահության նախարարությունն ակտիվորեն աշխատում է»,- ասացին առողջապահության նախարարությունից։
Կառավարության որոշմամբ՝ ուռուցքաբանական ախտորոշմամբ բոլոր երեխաները պետական ֆինանսավորմամբ հնարավորություն կունենան ախտորոշվել և բուժվել Թուրքիայի, Իսրայելի և Իսպանիայի առաջատար կլինիկաներում։