Պավել Հերչինսկի. Եվրամիությունը հիմնված է հավաքների, խոսքի և արտահայտվելու ազատության սկզբունքների վրա. այս սկզբունքները պետք է պաշտպանի յուրաքանչյուր երկիր, որը ցանկանում է անդամակցել Եվրամիությանը
Եվրամիությունը հիմնված է սկզբունքների վրա, իսկ ամենակարևորը հավաքների, խոսքի և արտահայտվելու ազատությունն է, – այս մասին հայտարարել է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին:
Հերչինսկուն հարց են ուղղել «Լելո – Ուժեղ Վրաստան»-ի առաջնորդներից մեկի՝ Ալեկո Էլիսաշվիլիի դատավճռի վերաբերյալ։
Ի պատասխան հարցին՝ Հերչինսկին նշել է, որ այդ հարցը վերաբերում է դատական համակարգին, և ինքն այդ մասին չպետք է մեկնաբանություն անի։
«Ինչ վերաբերում է դատավճռին, որի մասին ինձ հարցրիք, այդ հարցը դատական համակարգին է ուղղված, և ես չպետք է մեկնաբանեմ այն։ Այն, ինչ կարող եմ ասել, հետևյալն է. Եվրամիությունը հիմնված է սկզբունքների վրա։ Իսկ ամենակարևոր սկզբունքներն են հավաքների ազատությունը, խոսքի ազատությունը և արտահայտվելու ազատությունը։ Սրանք հիմնարար սկզբունքներ են, որոնք միավորում են Եվրամիության բոլոր անդամ պետությունները, և այս սկզբունքները պետք է պաշտպանի յուրաքանչյուր երկիր, որը ցանկանում է անդամակցել Եվրամիությանը», – նշել է Հերչինսկին։
Ի գիտություն՝ ահաբեկչական ակտի փորձի մեղադրանքով, նոյեմբերի 29-ի դրվագով, Ալեկո Էլիսաշվիլիին դատապարտել են 13 տարվա ազատազրկման։