Պավել Հերչինսկի. Մենք չպետք է թույլ տանք, որ Վրաստանը և հրաշալի, հյուրընկալ վրաց ժողովուրդը վերադառնան բռնության, քաղաքացիական պատերազմի, աղքատության, դժվարությունների, կոռուպցիայի մութ ժամանակներին
Պավել Հերչինսկի. Մենք չպետք է թույլ տանք, որ Վրաստանը և հրաշալի, հյուրընկալ վրաց ժողովուրդը վերադառնան բռնության, քաղաքացիական պատերազմի, աղքատության, դժվարությունների, կոռուպցիայի մութ ժամանակներին

Վրաստանը գտնվում է խաչմերուկում, Վրաստանի ապագան դեռ չի գրվել, բայց այն, ինչ կորոշվի առաջիկա շաբաթներին և ամիսներին, կորոշի, թե արդյոք Վրաստանը պատկանում է ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների վրա հիմնված եվրոպական երկրների ընտանիքին, թե, ցավոք, կվերադառնա իր մութ անցյալին, – այս մասին Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին ասել է Բրյուսելում, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունում, որտեղ բացվեց «Վրաստանը ուշադրության կենտրոնում» վավերագրական լուսանկարների ցուցահանդեսը։

Նրա խոսքով՝ Եվրամիությունը ընտրություն կատարեց՝ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով։

«Դա մեծ հպարտության և ուրախության պահ էր։ Այդ ժամանակից ի վեր, ցավոք, Վրաստանը այլևս ճիշտ ուղղության վրա չէ։ Կառավարությունը ընտրել է այլընտրանքային, ավտորիտար մոդել և Վրաստանը հեռացնում է Եվրամիությունից», – ասել է Հերչինսկին, որին մեջբերել է «Նետգազեթին»։

Հերչինսկին հույս հայտնեց, որ Վրաստանը կվերադառնա եվրոպական ինտեգրման և ժողովրդավարության ուղուն։

«Իմ գլխավոր ուղերձը վրաց ժողովրդին հետևյալն է՝ «Մի՛ կորցրեք հույսը»։ Մենք չպետք է թույլ տանք, որ Վրաստանը և հրաշալի, ջերմ, հյուրընկալ վրաց ժողովուրդը վերադառնան բռնության, քաղաքացիական պատերազմի, աղքատության, դժվարությունների, կոռուպցիայի մութ ժամանակներին։ Սա այն ապագան չէ, որին նրանք արժանի են։ Հենց որ իշխանությունները հայտնեն մեզ հետ համագործակցելու իրենց ցանկությունը, մենք կանենք ամեն ինչ, որպեսզի օգնենք Վրաստանին դառնալ Եվրամիության անդամ», – ասաց Հերչինսկին։