Պատրիարքարան. «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքը վճռական քայլ է վրաց ազգի ինքնությունը սահմանող արժեքները պաշտպանելու համար
Վրաստանի իշխանության կողմից ընդունված «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքը դրական առաջընթաց է,- ասված է Վրաստանի պատրիարքարանի հանրային կապերի ծառայության տարածած հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ ասվում է, որ այսօր Վրաստանում, ինչպես աշխարհի շատ երկրներում, կարևոր մարտահրավեր է դարձել ընտանեկան արժեքների պաշտպանությունը։
«Տարիների ընթացքում թե՛ Վրաստանի պատրիարքարանը, թե՛ բնակչության մեծամասնությունը արձագանքել է այս հարցին, նրանցից յուրաքանչյուրը ծառայել է ընտանեկան արժեքների պաշտպանությանը՝ աճող մարտահրավերների ֆոնին։
Վրաստանի եկեղեցին մշտապես պաշտպանել և պաշտպանում է մեր երիտասարդությանը ավանդական ընտանեկան կառույցները խաթարող գաղափարախոսություններից:
Մի քանի տարի առաջ դպրոցական առարկայի աշակերտի և ուսուցչի դասագրքերը սուր և արդարացի քննադատության պատճառ դարձան Վրաստանի պատրիարքարանի կողմից, քանի որ այդ դասագրքերի որոշ թեմաներ բացահայտորեն ընդգծում էին ընտանեկան արժեքների արժեզրկումը: Երկար և ակտիվ ջանքեր պահանջվեցին LGBTQI քարոզչություն պարունակող հատվածները ուսումնական ռեսուրսներից հեռացնելու համար, քանի որ կրթական դասագրքերը պետք է համապատասխանեն մեր հիմնարար արժեքներին։
Բացի այդ, LGBTQI քարոզչության տարածումը հաճախ հասարակության մեջ ստեղծել է զգալի սոցիալական պառակտումներ և նույնիսկ դարձել լարվածության գործիք նրանց ձեռքում, ովքեր ձգտում են խորացնել բևեռացումը:
Ելնելով այս միտումներից՝ Վրաստանի ներկայիս իշխանության կողմից ընդունված «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքը դրական առաջընթաց է։
Մենք հուսով ենք, որ այս օրենքը արգասաբեր արդյունքներ կբերի մեր հասարակության բարօրության համար, քանի որ դա կարևոր և վճռական քայլ է՝ պաշտպանելու վրաց ազգի ինքնությունը սահմանող ավանդական արժեքները»,- ասված է հայտարարության մեջ։
«Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքը, որը չի ստորագրել Սալոմե Զուրաբիշվիլին, երեկ ստորագրել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։