ՊԱԾ. Օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները Աձվի գյուղի մոտ ապօրինաբար ձերբակալել են Վրաստանի երեք քաղաքացու
Ռուսաստանի օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները Գորիի մունիցիպալիտետի Աձվի գյուղի մոտ օկուպացված տարածքում ապօրինի ձերբակալել են Վրաստանի երեք քաղաքացու։
Ինչպես նշվում է Պետական անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ, դեպքի մասին տեղեկություն ստանալուն պես Պետական անվտանգության ծառայությունը ակտիվացրել է Եվրամիության դիտորդական առաքելության կողմից գործարկվող «թեժ գիծը»։
«Ապօրինի կալանավորման ևս մեկ փաստի մասին տեղեկությունն անմիջապես հաղորդվել է Ժնևի միջազգային բանակցությունների համանախագահներին և միջազգային գործընկերներին։
Ակտիվացվել են ապօրինի ձերբակալված Վրաստանի քաղաքացիներին ազատ արձակելու բոլոր մեխանիզմները։ Վրաստանի օկուպացված տարածքներում, ինչպես նաև օկուպացիոն գծի երկայնքով կատարված բոլոր ապակառուցողական գործողությունների պատասխանատվությունը կրում է օկուպացիոն ուժը»,- ասված է Պետական անվտանգության ծառայության հայտարարության մեջ։