ՊԱԾ-ի տեղեկություններով, օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչները ձերբակալել են Վրաստանի ևս մեկ քաղաքացու
Վրաստանի ևս մեկ քաղաքացի է ձերբակալվել օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչների կողմից։ Այդ մասին հայտնի է դարձել Էրգնեթիում միջադեպերի կանխարգելման եւ արձագանքման մեխանիզմի շրջանակներում կայացած հանդիպման մեկնարկից առաջ։
Ինչպես հայտնել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության վերլուծական դեպարտամենտի փոխտնօրեն Իրակլի Անթաձեն, անօրինական կալանավորման մասին տեղեկատվությունը կենտրոնական իշխանությանը տրամադրվել է Եվրամիության թեժ գծի միջոցով։
Նրա տեղեկություններով՝ Վրաստանի յոթ քաղաքացի ներկայումս գտնվում են ապօրինի կալանքի տակ։
Ինչպես նշեց Անթաձեն, այսօրվա հանդիպմանը կողմերը կքննարկեն օկուպացիոն գծի երկայնքով վերջին երկու ամիսների ընթացքում ստեղծված իրավիճակը և կամփոփեն նախորդ տարին։
Նրա տեղեկություններով, անցած տարի արձանագրվել է օկուպացիոն գծով սահմանի ապօրինի հատման շուրջ 70 դեպք։
«Մենք կխոսենք ապօրինի սահմանային գործընթացի մասին և կվերանայենք անցյալ տարի տեղի ունեցած միջադեպերը։ Կխոսենք նաև հումանիտար խնդիրների մասին։ Ինչպես գիտեք, օգոստոս ամսից յուրաքանչյուր ամսվա 20-ից 30-ը աշխատում էին «անցումները»: Օկուպացված տարածքում բնակվող մեր քաղաքացիները հնարավորություն ունեցան տեղափոխվել կենտրոնական իշխանության կողմից վերահսկվող տարածք։ Ուստի հետաքրքիր է, թե արդյոք այս պրակտիկան կշարունակվի՞։ Մեր դիրքորոշումն է՝ վերացնել ցանկացած արհեստական սահմանափակում կամ երկարացնել անցումների շահագործման ժամկետը։ Ինչ վերաբերում է ձերբակալվածներին, ապա երեկ երեկոյան ԵՄ թեժ գիծը տեղեկատվություն է տարածել Վրաստանի քաղաքացու անօրինական կալանավորման մասին։ Մեզ միայն անուն-ազգանուն են տվել, տեղեկությունը ճշտում ենք։ Այս պահին մեր յոթ համաքաղաքացիներ գտնվում են անօրինական կալանքի տակ, և մենք ևս մեկ անգամ պահանջում ենք նրանց անվերապահ ազատ արձակել»,- ասել է Իրակլի Անթաձեն։