ՊԱԾ-ը ձերբակալել է 4-րդ բժշկական կենտրոնի տնօրենին և բժշկին, ովքեր քաղաքացիներին պատվաստումը հավաստող կեղծ փաստաթղթեր են փոխանցել
Վրաստանի պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցները կոմերցիոն կաշառք տալու և պաշտոնական փաստաթուղթ կեղծելու փաստով բերման են ենթարկել 4-րդ բժշկական կենտրոնի տնօրենին և նույն կենտրոնի բժշկին։
Ըստ Պետական անվտանգության ծառայության՝ հետաքննությամբ պարզվել է, որ նշված անձինք որոշակի գումարի դիմաց պատրաստել են «Pfizer» պատվաստանյութով քաղաքացու պատվաստումը հավաստող կեղծ փաստաթուղթ և ապօրինի գրանցել Հիվանդությունների ազգային կենտրոնի պաշտոնական կայքում։ Համապատասխանաբար, տրամադրվել են պետության կողմից սահմանված արտոնությունները։
Սակայն, ըստ ՊԱԾ-ի, բացի նշված դրվագից, քննությամբ ձեռք բերված ապացույցները հաստատում են, որ գործողությունը միանվագ չի եղել, և ամբաստանյալները համակարգված կերպով գրանցել են չպատվաստված անձանց Առողջապահության ազգային կենտրոնի կայքում՝ կեղծ փաստաթղթեր պատրաստելու ճանապարհով:
«Ներկայումս պարզվում են նշված անձինք, և զուգահեռաբար կատարվում է գույքագրում՝ թիվ 4 բուժհաստատություն տեղափոխված պատվաստանյութի ծախսման օրինականությունը պարզելու ուղղությամբ։
Երկրում տեղի ունեցող վերջին զարգացումներից ելնելով, հորդորում ենք բնակչությանը, եթե նրանք նմանատիպ ձևով գրանցված են Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի պաշտոնական կայքում և օրենքով սահմանված կարգով պատվաստված չեն, կամավոր հայտնել քննչական մարմնին և ազատվել քրեական պատասխանատվությունից։
Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի 4-րդ և 362-րդ հոդվածի առաջին մասերով։ Նախաքննությունը վարում է Պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալությունը»,- ասված է հաղորդագրությունում։