Պաշտպանության ուժերը նշեցին Արևելյան հրամանատարության առաջին հետևակային բրիգադի հիմնադրման օրը

21:17, 19.12.2025

Դեկտեմբերի 19-ին Վրաստանի պաշտպանության ուժերը նշում են Արևելյան հրամանատարության առաջին հետևակային բրիգադի հիմնադրման օրը։ Տեղեկատվությունը հրապարակել է պաշտպանության նախարարությունը։

Ըստ նախարարության՝ բրիգադի հիմնադրման 33-ամյակի տոնակատարությանը մասնակցել են Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիխովանին և պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գիորգի Մաթիաշվիլին։

«Իրակլի Չիխովանը զորահրապարակում հավաքված անձնակազմին շնորհավորեց բրիգադի տարեդարձի առթիվ։ Նախարարը նշել է, որ պաշտպանության նախարարությունը շարունակում է ուժեղացնել վրացական բանակի, այդ թվում՝ առաջին հետևակային բրիգադի կարողությունները։ Նրա խոսքով՝ կառավարական թիմի առաջնահերթություններից է զինվորների արժևորումը և նրանց սոցիալական պայմանների բարելավումը, և այդ նպատակով հաստատված 2026 թվականի բյուջեով նախատեսվում է զինծառայողների աշխատավարձի կրկին 10 տոկոսով բարձրացում։

Զինծառայողներին իր խոսքն ուղղել է նաև գեներալ-լեյտենանտ Գիորգի Մաթիաշվիլին, ով շեշտել է պաշտպանության ուժերի պատմության մեջ առաջին հետևակային բրիգադի կարևորությունը։ Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև զինվորականների պարգևատրման արարողությունը։ Նրանք արժանացել են նախարարության մեդալների՝ «Գեներալ Քվինիթաձե», «Գեներալ Մազնիաշվիլի», «Գիորգի Անցխելիձե», ինչպես նաև արժեքավոր նվերների։

Տոնական միջոցառման ժամանակ պաշտպանության ուժերի ներկայացուցիչները հարգել են երկրի տարածքային ամբողջականության համար մղված պայքարում զոհված հերոսների հիշատակը, կատարվել է պետական օրհներգը։ Բրիգադի հիմնադրման օրվան նվիրված միջոցառմանը մասնակցել են Արևելյան հրամանատարության հրամանատար, բրիգադի գեներալ Ռոլանդ Ձնելաձեն, առաջին հետևակային բրիգադի հրամանատար, գնդապետ Զազա Շալամբերիձեն և պաշտպանության նախարարության ղեկավար կազմը», — նշված է պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվության մեջ։

Նմանատիպ